«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։
Մանուկյանը ձերբակալվել էր այսօր վաղ առավոտյան՝ քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացվելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։
Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը
Հիշեցնենք, որ Մանվել Շահվերդյանն այն դատավորն է, որը մի շարք պատմություններով աչքի է ընկել։
2021 թ. հունիսի 20-ին՝ դեռևս երեկոյան ժամը 20:00-ին, պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց չի ասվել, թե երբ է կայանալու որոշման հրապարակման հետաձգված դատական նիստը։
Նույն օրը՝ որոշման հրապարակման հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ, դատավոր Մանվել Շահվերդյանին, ըստ պաշտպանների պնդման, տարել են խորհրդակցական սենյակից դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի մոտ։ Նրանից պահանջվել է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալությունը, ինչը դատավորը կտրուկ մերժել է՝ ասելով, որ նման հիմքեր չկան։ Ըստ նույն պնդումների՝ տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստացի պահել են այնտեղ մինչև առավոտ, երբ արդեն պետք է քննվեր բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։
Նա նաև Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով զինվորի մորը՝ Գայանե Հակոբյանին, դատապարտել էր 4 տարվա պայմանական ազատազրկման։
Մանվել Շահվերդյանն այն դատավորն է, որը դատարանում Աշոտ Փաշինյանին ասել էր. «Ո՛չ ձեզնից, ո՛չ ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։
Քնար Մանուկյան




























