Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի բռնկման հետևանքով հաստատված մահերի թիվը հասել է առնվազն 600-ի, իսկ հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 1759-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի կառավարության հրապարակած տվյալներին։
Կառավարության հաշվետվության համաձայն՝ հուլիսի 8-ի դրությամբ, նախորդ 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 51 նոր վարակման դեպք և 20 մահ։
Էբոլայի բռնկման խորացման ֆոնին երկրի ամենաշատ տուժած Իտուրի նահանգում բուժաշխատողները սկսել են դադարեցնել աշխատանքը՝ բողոքելով աշխատավարձերի և հավելավճարների ուշացման դեմ։
Առաջնագծում աշխատող բուժաշխատողները շաբաթավերջին պաշտոնական ծանուցմամբ զգուշացրել էին, որ եթե 24 ժամվա ընթացքում չստանան իրենց հասանելիք վճարումները, կդիմեն գործադուլի։ Արդեն հուլիսի 7-ից մի շարք բուժաշխատողներ դադարեցրել են աշխատանքը, թեև պաշտոնապես գործադուլ դեռ չի հայտարարվել։
Բուժաշխատողների խոսքով՝ Էբոլայի բռնկման մասին մայիսի 15-ին հայտարարելուց հետո իրենք չեն ստացել ոչ աշխատավարձ, ոչ էլ խոստացված հավելավճարները։ Նրանք նաև պնդում են, որ աշխատում են պաշտպանիչ միջոցների սահմանափակ պաշարներով և անարդար վերաբերմունքի են արժանանում իշխանությունների ու հիվանդության դեմ պայքարի պատասխանատու խմբերի կողմից։
Բուժաշխատողների բողոքի ակցիան համընկել է Բունդիբուգյո շտամի դեմ փորձարարական բուժման կլինիկական փորձարկումների մեկնարկի հետ։ Հենց այս շտամն է պատասխանատու ներկայիս բռնկման համար։ Թեև այն համարվում է Էբոլայի առավել քիչ մահացու տեսակներից մեկը, դրա դեմ մինչ այժմ հաստատված պատվաստանյութ չկա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսին բռնկումը ճանաչել էր միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ, սակայն, ըստ մասնագետների, մինչ այդ վիրուսն արդեն շաբաթներ շարունակ աննկատ տարածվել էր Մոնգբվալու, Ռվամպարա և Բունիա հանքարդյունաբերական քաղաքներում, այնուհետև հասել հարևան նահանգներ։
Անի Վարդանյան




























