Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արևաշող գյուղի մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ և աճեցնում կանեփ։
Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է, և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 7-ին կատարված զննությամբ 33-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել է կանեփի 215 թուփ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին։
***
Նույն օրը նման մի տեղեկություն էլ ստացել էին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանները։
Հետագա միջոցառումների արդյունքում Աշոտավան բանավանի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ այգում կանեփ է աճեցնում։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ։
***
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ տեղեկության համաձայն՝ Լուսահովիտ գյուղի մի բնակիչ էլ կանեփ էր աճեցրել իր հողամասում։
Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 8-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է մշակված կանեփի վեց թուփ։
Հիշեցնենք, որ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը քրեորեն պատժելի արարք է։
























































































