Նշանվելու պատրվակով ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անչափահաս Աստղիկ Գալստանը դարձել է 25-ամյա Ռաֆիկ Մարկոսյանի թրաֆիքինգի զոհը:

Armlur.am-ին հայտնի դարձած տեղեկությունների համաձայն` 2011 թվականի հուլիսին Ռաֆիկ Մարկոսյանը իր սիրուհու` Քրիստինե Ներսիսյանի հետ կազմակերպում է  անչափահասներ՝ 18 տարին չլրացած Աստղիկ Գալստյանի և Էլեն Գրիգորյանի՝ սեռական շահագործման նպատակով Ռուսաստանի Դաշնության տեղափոխումը:

Հետագայում Էլեն Գրիգորյանին հաջողվում է հրաժարվել ՌԴ մեկնելուց և փրկվել:

Հայտնի է նաև, որ Մարկոսյանը Աստղիկ Գալստյանի հետ ամուսնանալու սուտ հայտարարություններ է արել, բարեկեցիկ ապրելու և ՌԴ Վոլգոգրադ քաղաքում մշտական բնակության սին խոստումներ է տվել, իսկ սիրուհուն ներկայացրել` որպես իր մորաքրոջ աղջիկ:

Մարկոսյանն ու Ներսիսյանը, նախնական համաձայնությամբ,  2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Աստղիկ Գալստյանին շահագործման նպատակով տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը: Ապա, Աստղիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելով, նրան ծեծի ենթարկելով` փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց:

Սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման, հարկադիր աշխատանքի մեջ և 2011թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը դրել և պահել են շահագործման մեջ՝ պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ և այժմ քննվում է Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 34– 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով։ Հոդվածների չափանիշների համաձայն` մարդկանց` (անչափահաս) առևտուրը պատժվում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, և ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

Մարկոսյանի շահերը պաշտպանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս