Armenian text to speach

Կիևից մեկնաբանել են Լավրով-Ռուբիո հանդիպումը․ «Սա բանակցությունների հնարավորությունը գնահատելու փորձ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Մանիլայում ցույց է տվել, որ կողմերը շարունակում են ուղիներ փնտրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այդ կարծիքն է հայտնել գերմանական Welt հեռուստաալիքի՝ Կիևում աշխատող թղթակից Քրիստոֆ Վանները։

Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակը եղել է հասկանալ մյուս կողմի ներկայիս դիրքորոշումը և գնահատել, թե արդյոք այժմ հնարավոր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Կարծում եմ՝ սա ոչ այլ ինչ էր, քան փորձ՝ գնահատելու մյուս կողմի ներկայիս դիրքորոշումը և հասկանալու, թե արդյոք արժե հիմա նստել բանակցությունների սեղանի շուրջ, կարող է արդյոք դրանից ինչ-որ արդյունք լինել և հնարավոր է արդյոք մոտենալ խաղաղությանը», – ասել է լրագրողը։

Միևնույն ժամանակ Վանները նշել է, որ Վաշինգտոնն այս պահին չի կարող համարվել հակամարտության չեզոք կողմ և ավելի ու ավելի է հակվում ուկրաինական դիրքորոշմանը, ինչը, նրա գնահատմամբ, կարող է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Մանիլայում, ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակում, կայացել էր Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի շուրջ 35 րոպե տևած հանդիպումը, որի նախաձեռնողը եղել էր ամերիկյան կողմը։

Հանդիպման ընթացքում Լավրովը հայտարարել էր, որ անընդունելի է Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակումը։ Նա նաև քննադատել էր եվրոպական երկրների քաղաքականությունը՝ նշելով, որ դրանք շարունակում են ձգտել Ռուսաստանին հասցնել «ռազմավարական պարտության»։ Միաժամանակ Լավրովը վերահաստատել էր Մոսկվայի պատրաստակամությունը՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաև աջակցությունը ԱՄՆ-ի առաջարկներին, որոնք ներկայացվել էին Անքորիջում կայացած գագաթնաժողովի ընթացքում։




Լրահոս