ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իշխանական ճամբարում հաճախ ներկայացվում է որպես «հին համակարգի դեմ պայքարող» քաղաքական գործիչ։
Խաչատրյանը տարիներ շարունակ աշխատել է ոստիկանության համակարգում՝ անցնելով տեսուչից մինչև ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։ 2013-2018 թվականներին նա ղեկավարել է ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժինը, այնուհետև դարձել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորը երկար տարիներ եղել է հենց այն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը հեղափոխությունից հետո իշխանությունները ներկայացնում էին որպես կոռուպցիայի և «նախկինների թալանի դարբնոց»։
Երբ իշխանությունը շարունակում է խոսել «նախկինների կոռուպցիոն համակարգի» մասին, հետաքրքիր է հասկանալ՝ ճանապարհային ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը այդ համակարգի մա՞սն էր, թե՞ բացառությունը։ Նրա հայտարարագրերը, համենայնդեպս, նման պարզ պատասխան չեն տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ Արմեն Խաչատրյանն ամեն բան անում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու համար: Վաղը պետք է վարչությունն ընտրի թեկնածու: Բայց կարծես, թե վարչությունում հակված չեն նրան նախագահ «կարգել», քանի որ նա համարվում է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի մտերիմը, իսկ Քոչարյանին ՔՊ-ն որոշել է ուղղակի պատգամավորական մանդատ տալ ու «գահընկեց» անել:
Մինչ հեղափոխությունը՝ 2017-2018 թվականներին, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արմեն Խաչատրյանը սեփականությամբ տուն կամ որևէ անշարժ գույք չի ունեցել, իսկ որպես մեքենա հայտարարագրել էր միայն 1986 թվականի արտադրության VAZ 2106-ը։ Այդ շրջանում նրա դրամական միջոցները 15 միլիոն դրամից նվազել էին մինչև 5 միլիոն դրամ, իսկ ամսական աշխատավարձը կազմում էր շուրջ 805 հազար դրամ։
Հիմա՝ 2025 թվականին, նրա անձնական գույքային վիճակը անփոփոխ է․ պատգամավորը դարձյալ սեփական տուն չունի, իսկ միակ մեքենան շարունակում է մնալ նույն հին «ՎԱԶ»-ը։ Բանկային հաշիվներում առկա են չնչին մնացորդներ՝ շուրջ 528 դոլար և 97 հազար դրամ։ Փոխարենը, պատգամավոր դառնալուց հետո ավելացել են նրա տարեկան մուտքերն ու պարտքերը․ 2025 թվականի 35.2 միլիոն դրամ եկամտի մեծ մասը ձևավորվել է ԱԺ աշխատավարձից (14.1 միլիոն դրամ) և բանկային վարկից (16.4 միլիոն դրամ)՝ ներառելով նաև 1.8 միլիոն դրամ կենսաթոշակ ու 2.8 միլիոն դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ չմարված վարկի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 10.1 միլիոն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից։
2017 թվականին, երբ նա դեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, հայտարարագրել էր՝
- 15 միլիոն դրամ դրամական միջոց,
- 1986 թվականի արտադրության VAZ 2106 ավտոմեքենա,
- ամսական շուրջ 805 հազար դրամ աշխատավարձ։
Արդեն 2018 թվականին նրա դրամական միջոցները նվազել էին մինչև 5 միլիոն դրամ, իսկ միակ մեքենան շարունակում էր մնալ նույն հին «ՎԱԶ»-ը։ Նույն պատկերը պահպանվել է նաև 2019 թվականին։
Խորհրդավոր 53 հազար դոլարը
Հայտարարագրերի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է 2020 թվականին։
Տարվա սկզբին Արմեն Խաչատրյանի բանկային հաշվին եղել է 53 հազար ԱՄՆ դոլար, սակայն տարվա վերջում մնացել է 23 հազար դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում հաշվից անհետացել է շուրջ 30 հազար դոլար։
Հայտարարագրում որևէ բացատրություն չկա՝
- որտեղից էր գոյացել այդ գումարը,
- ինչ նպատակով է ծախսվել,
- ում է փոխանցվել կամ ինչ գործարքի շրջանակում է օգտագործվել։
Նույն տարում նրա պատգամավորական աշխատավարձը կազմել է ընդամենը 750 հազար, ապա՝ 675 հազար դրամ ամսական, ինչը չի բացատրում նման ծավալի դոլարային միջոցների առկայությունը։
Բացի այդ, 2020 թվականին նա ստացել է նաև՝
- 1.812.000 դրամ կենսաթոշակ,
- 40 հազար դոլարի փոխառություն «Հայբիզնեսբանկից»։
Պատգամավոր, բայց առանց տան
2021 թվականին Խաչատրյանը կրկին ընտրվել է պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Այդ տարվա հայտարարագրում նա ցույց է տվել 30.4 միլիոն դրամ եկամուտ, որի զգալի մասը ձևավորվել է վարկերից։
Սակայն ամենաուշագրավ փաստը մնացել է անփոփոխ՝
- անշարժ գույք՝ չկա,
- միակ մեքենան՝ նույն 1986 թվականի VAZ-ը։
2022 թվականի հայտարարագրում արդեն նշվել է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է անհատական բնակելի տան, սակայն այդ տունը սեփականություն չի հանդիսացել և հայտարարագրված անշարժ գույք չի դարձել։
Այսինքն՝ տարիներ շարունակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա պատգամավոր դարձած անձը պաշտոնապես սեփական տուն չունի։
2023-2024․ եկամուտներն աճում են, պարտքերն էլ՝ հետը
Նույն թվականին պատգամավորը ստացել է 14.2 միլիոն դրամ եկամուտ, որից 11.45 միլիոնը ԱԺ աշխատավարձն էր։
2024 թվականին նրա եկամուտներն աճել են մինչև 16.6 միլիոն դրամ, սակայն բանկային հաշիվներում տարվա վերջում մնացել են ընդամենը՝
- 43.58 դոլար,
- 182 հազար դրամ։
Միևնույն ժամանակ վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է գրեթե 20 միլիոն դրամ։
2025․ 35 միլիոն դրամ եկամուտ և 22.5 միլիոն դրամ վարկերի մարում
2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս արդեն ավելի մեծ ֆինանսական շարժ։
Խաչատրյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 35.263.259 դրամ, այդ թվում՝
- 14.141.650 դրամ՝ ԱԺ աշխատավարձ,
- 16.400.000 դրամ՝ «Հայէկոնոմբանկից» ստացված վարկ,
- 2.882.726 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
- 1.838.883 դրամ՝ կենսաթոշակ։
Տարեվերջին նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 10.156.995 դրամ, իսկ միայն վարկերի մարմանն ուղղված ծախսերը հասել են 22.523.225 դրամի։
Սակայն նույնիսկ այս ամենից հետո պաշտոնական պատկերը չի փոխվել՝
- տուն՝ չկա,
- մեքենա՝ նույն 40-ամյա «ՎԱԶ»-ը,
- բանկային հաշիվներում՝ ընդամենը 528 դոլար և 97 հազար դրամ։
Իսկ ինչ ունեցվածք ունի պատգամավորի որդին
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև պատգամավորի որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրերը։
Նա աշխատում է ԱԺ փորձագիտական վարչությունում որպես փորձագետ։
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝
- սեփական անշարժ գույք չի ունեցել,
- սակայն 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող անհատական բնակելի տան՝ հողամասով և տնտեսական շինություններով։
Տրանսպորտային միջոցների ցանկն արդեն զգալիորեն տարբերվում է հոր հայտարարագրից․
- FORD (2016 թ.),
- TOYOTA (2015 թ.)։
Նրա տարեկան եկամուտը կազմել է 12.845.815 դրամ, իսկ վարկային պարտավորությունների մնացորդը՝ 45.390.000 դրամ։
Հետաքրքրական է նաև, որ 2025 թվականի հայտարարագիր նա չի ներկայացրել, ինչը հայտարարագրման կարգի հնարավոր խախտման հարց է առաջացնում։
Հարցերը մնում են բաց
Արմեն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից մի շարք հարցեր են առաջանում․
- ինչպե՞ս է ամբողջ կյանքում ոստիկանության համակարգում աշխատած բարձրաստիճան պաշտոնյան պաշտոնապես սեփական տուն չունենալով ապրել,
- որտեղի՞ց է գոյացել 2020 թվականի 53 հազար դոլարը,
- ինչպե՞ս է մեկ տարվա ընթացքում անհետացել դրա 30 հազար դոլարը,
- ինչո՞ւ է երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած անձի միակ հայտարարագրված մեքենան շարունակում մնալ 1986 թվականի VAZ 2106-ը,
- և ինչպե՞ս է ստացվում, որ հոր հայտարարագրում տուն չկա, մինչդեռ որդին փաստացի տիրապետում է Երևանի անհատական բնակելի տան։
ՔՊ վարչության անդամ հանդիսացող Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրերը առայժմ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ։
Սոնա Գրիգորյան




























