«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր քաղաքական վերադասավորումներ են հասունանում։ Վաղը ՔՊ վարչությունը պետք է որոշի, թե ով կլինի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն։ Պայքարի հիմնական մասնակիցներն են Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Սասուն Միքայելյանը, մինչդեռ գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը, չի դիտարկվում այդ պաշտոնում և կարող է շարունակել գործունեությունը միայն որպես շարքային պատգամավոր։
Այս ֆոնին առավել ուշագրավ է Վիլեն Գաբրիելյանի անունը․ մի գործիչ, որը մի քանի տարի առաջ հրապարակային սկանդալի պատճառով հրաժարվեց պատգամավորական մանդատից, սակայն այսօր կրկին հայտնվել է ՔՊ-ի ամենազգայուն ուղղություններից մեկի՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի ղեկավար պաշտոնի հավակնորդների շարքում։
«Նավակ ճոճողից»՝ իշխանական վերնախավի թեկնածու
Հանրությանը «Նավակ ճոճողը» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը քաղաքականություն է մտել քաղաքացիական ակտիվիզմից։ Նրա կենսագրության ամենահնչեղ դրվագներից մեկը 2015 թվականի դեպքն էր, երբ Երևանի կենտրոնում 3-4 դիմակավորված անձինք փայտերով և բռունցքներով հարձակվել էին նրա վրա։ Գաբրիելյանը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ գլխի պատռվածքներով և դեմքի վնասվածքներով, իսկ միջադեպի մասին ոստիկանությանը տեղեկացրել էր նրա ընկեր Հակոբ Սիմիդյանը։
2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ նա ավարտեց ծառայությունը Քարվաճառում, մամուլում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե Գաբրիելյանը կարող է նշանակվել բարձր պաշտոնների, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ։ 2020 թվականի հունվարին նա նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։
Հետագայում «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում նա չէր թաքցրել, որ իրեն ավելի շատ պատկերացնում էր ոստիկանական համակարգի ղեկավարի պաշտոնում և ունի սեփական պատկերացումները «ՀՀ ոստիկանի կերպարի» մասին։
Գյումրիի սկանդալը և մանդատի հրաժարականը
Վիլեն Գաբրիելյանի քաղաքական կարիերայի ամենասկանդալային դրվագը տեղի ունեցավ 2025 թվականին Գյումրիում՝ ընտրության օրը։ Տարածված տեսանյութերում նա երևում էր ոչ սթափ վիճակում՝ լրագրողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելիս և վիճաբանության մեջ մտնելիս ոչ միայն լրագրողների, այլև սեփական թիմակիցների հետ։
Միջադեպից հետո Գաբրիելյանը հրապարակային ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ իր վարքագիծը «վայել չէ պատգամավորին», և վայր դրեց պատգամավորական մանդատը։ ՔՊ ընտրացուցակով նրան փոխարինեց Արշակ Օրդուխանյանը։
Այդ ժամանակ նա հայտարարում էր, որ կենտրոնանալու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության գործունեության վրա։ Սակայն քաղաքականությունից հեռանալը կարճ տևեց։ Նա ինքնառաջադրվեց ՔՊ վարչության ընտրություններում՝ հայտարարելով, որ կուսակցությունն ունի «լրջագույն առողջացման կարիք», և արդյունքում ընտրվեց վարչության անդամ։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ նույնիսկ աղմկահարույց սկանդալից հետո ՔՊ ներսում Գաբրիելյանը չի կորցրել ազդեցությունը և շարունակում է ունենալ քաղաքական հենարան։
Ինչ ունեցվածքով է պաշտոնների հավակնում Գաբրիելյանը
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վիլեն Գաբրիելյանի հայտարարագրված եկամուտները վերջին տարիներին զգալի փոփոխություններ են կրել։
2021 թվական
Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել էր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում գտնվող մեկ հողամաս և երկու հին ավտոմեքենա՝ 1988 թվականի IZH բեռնատար և 1999 թվականի MITSUBISHI մարդատար մեքենա։ Բանկային հաշվում ունեցել էր ընդամենը 200 հազար դրամ, իսկ ընդհանուր եկամուտը կազմել էր 8 մլն 110 հազար 602 դրամ։
2022 թվական
Այս տարի նրա գույքային դրությունը փոխվեց․ նա 22 մլն 600 հազար դրամով ձեռք բերեց Երևանի բնակարանի 1/3 բաժնեմասը։ Բնակարանի գնումը ֆինանսավորվեց վարկային միջոցներով, և տարեվերջին նրա վարկային պարտավորությունները հասան 11.4 մլն դրամի։
2023 թվական
Գաբրիելյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կտրուկ աճեց՝ կազմելով 18 մլն 846 հազար 860 դրամ, սակայն այդ գումարի զգալի մասը բանկերից ստացված վարկերն էին։ Տարեվերջին նրա ընդհանուր վարկային պարտավորությունները հասել էին 21.5 մլն դրամի։
2024 թվական
Պատգամավորական աշխատավարձը գերազանցեց 10 մլն դրամը, իսկ ընդհանուր եկամուտը կազմեց 15.1 մլն դրամ։ Միևնույն ժամանակ վարկային բեռը շարունակեց աճել և տարեվերջին հասավ 25 մլն 97 հազար դրամի։
2025 թվական
Ամենահետաքրքիր փոփոխությունը տեղի ունեցավ 2025 թվականին։ Այդ ժամանակ Գաբրիելյանը արդեն ՔՊ վարչության անդամ էր, սակայն նրա հիմնական եկամուտը այլևս Ազգային ժողովից չէր։ Հայտարարագրի համաձայն՝
- 8 մլն 786 հազար դրամ ստացել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունից,
- 3 մլն 437 հազար դրամ՝ Ազգային ժողովի աշխատակազմից,
- 1 մլն դրամ՝ որպես բանկային վարկ։
Ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 223 հազար 749 դրամ։
Այսպիսով, 2021 թվականի համեմատ նրա տարեկան եկամուտներն աճել են մոտ 5.1 մլն դրամով, սակայն միաժամանակ պահպանվել է զգալի վարկային ծանրաբեռնվածությունը՝ 23.6 մլն դրամ։
Հին մեքենաներ, փոքր հաշիվներ, մեծ քաղաքական հավակնություններ
Հատկանշական է, որ տարիների ընթացքում Գաբրիելյանի գույքային պատկերը գրեթե չի փոխվել։ Նա շարունակում է հայտարարագրել նույն 1988 թվականի IZH-ը և 1999 թվականի MITSUBISHI-ն, չունի արժեթղթեր, ներդրումներ, ավանդներ կամ կրիպտոարժույթ, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025-ի վերջում կազմել է ընդամենը 303 հազար դրամ։
Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ իշխանական կուսակցությունը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար քննարկում է մի գործչի, որը`
- սկանդալային միջադեպից հետո հրաժարվել էր մանդատից,
- ունի բազմամիլիոնանոց վարկային պարտավորություններ,
- վերջին շրջանում հիմնականում աշխատավարձ է ստանում ոչ թե պետական համակարգից, այլ հասարակական կազմակերպությունից։
ՔՊ-ի ներքին ընտրությունը՝ քաղաքական ուղերձ
Եթե ՔՊ վարչությունը վերջնականապես կանգնի Վիլեն Գաբրիելյանի թեկնածության վրա, դա կլինի ոչ միայն կադրային որոշում, այլև քաղաքական ուղերձ կուսակցության ներսում։ Այդ դեպքում իշխանությունը փաստացի ցույց կտա, որ Գյումրիի սկանդալը, մանդատի հրաժարականը և հրապարակային ներողությունը չեն խոչընդոտում նրան վերադառնալու ՔՊ-ի ուժային և անվտանգության ուղղության ամենակարևոր պաշտոններից մեկի հավակնորդների շարքը։
Մինչ վարչության նիստը շարունակվում է, իշխանական ճամբարում լարվածությունը պահպանվում է։ Իսկ գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ արդյո՞ք «Նավակ ճոճողը» պատրաստվում է այս անգամ արդեն ղեկավարել ոչ թե քաղաքական ալիքները, այլ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը։
Սոնա Գրիգորյան



























