ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայկ Արամի Գուրգենյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» որոշման չզեկուցվող նախագիծը։
Գործադիրը պատրաստվում է բանակից վերջնականապես ազատել 26-ամյա տաղանդավոր շեփորահարին, ով նախկինում արդեն երեք անգամ՝ 2021, 2023 և 2025 թվականներին, կառավարության որոշումներով տարկետման իրավունք էր ստացել։
Ո՞վ է Հայկ Գուրգենյանը և ինչո՞ւ է ազատվում ծառայությունից
Ըստ նախագծի հիմնավորման՝ երիտասարդ երաժիշտը բավականին տպավորիչ ստեղծագործական ուղի է անցել: Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ նա ուսումը շարունակել է Ցյուրիխի Արվեստների համալսարանում: Նա դեռ 2017 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամ է, իսկ արդեն այս տարվանից՝ 2026-ից, երկու տարի ժամկետով ընդունվել է հեղինակավոր Zurich Opera Orchestra-ի կազմ։
Երաժիշտը ակտիվ համերգային գործունեություն է ծավալում նաև եվրոպական բեմերում՝ Լուցերնում, Ցյուրիխում, Բերնում, ինչպես նաև հանդես է գալիս Շվեյցարիայի Սիմֆոնիկ Նվագախմբի կազմում: Իր ծրագրերում նա պարտադիր հնչեցնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հանրահռչակելով հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում:
Ովքե՞ր են երաշխավորել
Ավանդույթի համաձայն՝ նման որոշումների համար անհրաժեշտ են ոլորտի հեղինակությունների ծանրակշիռ խոսքն ու երաշխավորությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայկ Գուրգենյանին բանակից ազատելու համար Կառավարությանը երաշխավորագրեր են ներկայացրել.
· ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը,
· ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը,
· Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը,
· «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բալբաբյանը:
Նախագծի հեղինակները (ԿԳՄՍՆ) վստահեցնում են, որ հաշվի առնելով արվեստագետի խոստումնալից ապագան ու նրա ներդրումը մշակույթի հանրահռչակման գործում՝ նրան պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը լավագույն որոշումն է: Նշվում է նաև, որ այս որոշման ընդունմամբ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի:
Սոնա Գրիգորյան






















