ՀՀ վարչապետի մամուլի նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։
Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության, համատեղ աշխատանքի, ձեռք բերած արժեքավոր փորձի և ընձեռած բացառիկ հնարավորության համար։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև պետական կառավարման տարբեր մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին և խոսնակներին՝ փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» վարչության, «Ռազմավարական հաղորդակցության» վարչության, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի բոլոր գործընկերների հետ աշխատանքը, որը կարևոր է եղել հաղորդակցության արդյունավետ կազմակերպման համար։
Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Մեր համագործակցությունը ինձ համար մշտապես եղել է կարևոր։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում։
Ինչպես գիտեք նախօրեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ ընտրվել եմ Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Կհանդիպենք Ազգային ժողովում»։




























