Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավորներից է Լևոն Լևոնյանը, որը մինչ պատգամավորական մանդատ ստանձնելը գործունեություն է ծավալել ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ գործադիր իշխանության համակարգերում։
Լևոն Լևոնյանը ծնվել է 1993 թվականի մարտի 17-ին՝ Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ հիմնականում զբաղվելով քաղաքային տրանսպորտի, երթևեկության կազմակերպման և մայրաքաղաքի կառավարմանն առնչվող հարցերով։
Նա նաև պաշտոնավարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ավելի վաղ աշխատել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ինչպես նաև Առողջապահության նախարարությունում՝ խորհրդատու։
2025 թվականի հոկտեմբերից Լևոն Լևոնյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնում վարել կուսակցության ներքին վերահսկողությանն առնչվող մի շարք նիստեր։
Հանրային ուշադրության կենտրոնում Լևոն Լևոնյանի անունը առավելապես հայտնվել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց բախումից հետո։ Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ծագած միջադեպից հետո նա հայտարարել էր, որ բախումը հրահրել է ընդդիմությունը, իսկ իշխանական թիմը պարզապես «պատասխանել է»։ Միաժամանակ Լևոնյանը նշել էր, որ չի տեսել, թե քաղաքապետարանի պաշտոնյաները մասնակցել են ծեծկռտուքին։ Նրա այս հայտարարությունները լայն արձագանք էին ստացել քաղաքական շրջանակներում և դարձել հանրային քննարկման առարկա։
Ընդհանուր առմամբ, Լևոն Լևոնյանը հայտնի է ընդդիմության հասցեին հնչեցրած կոշտ քաղաքական գնահատականներով և հայտարարություններով։ Սակայն հրապարակային տվյալների համաձայն՝ նրա անվան շուրջ լայն հասարակական հնչեղություն ունեցող քրեական կամ կոռուպցիոն բնույթի սկանդալներ չեն արձանագրվել։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Լևոն Լևոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից և ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները՝ համալրելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմը։
Նանիկ Աղասյան
























































































