ArmLur.am-ի հարցին՝ արդյոք ՔՊ խմբակցությունը որոշում կայացրե՞լ է Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու վերաբերյալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Մանավազյանը նշել է, որ այս պահին նման որոշում չունեն։
Նրա խոսքով՝ խմբակցությունում քննարկվում են աշխատանքային հարցեր, սակայն Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
«Դեռ չունենք որոշում, դեռ չենք քննարկել։ Ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթները, հարցերը, պատասխանները»,- նշել է նա։
Մանավազյանը հայտնել է, որ ՔՊ խմբակցությունը քննարկումներ կունենա նաև Արամ Վարդևանյանի ելույթից և հարցուպատասխանից հետո։
Անդրադառնալով խորհրդարանում բարեկրթության պահպանման վերաբերյալ հարցին՝ պատգամավորը նշել է, որ հատուկ հորդորների անհրաժեշտություն չի եղել, քանի որ խմբակցությունը հետևում է Ռուբեն Ռուբինյանի առաջարկած մոտեցմանը՝ պահպանել բանավեճի սահմանները։
Հարցին՝ արդյոք Վարդևանյանի՝ հարցերին հստակ պատասխանելը կարող է ազդել ընտրության վրա, Մանավազյանը նշել է, որ դա ևս քննարկման առարկա կլինի։
ԱԺ-ում հնչած վիրավորական ձևակերպումների վերաբերյալ նա նշել է, որ այդ թեման արդեն քննարկվել է, և յուրաքանչյուր կողմ պետք է գնահատի իր խոսքի պատասխանատվությունը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























