Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում արձանագրվում է մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա։
Միշուստինը այս մասին հայտարարել է օգոստոսի 7-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ հունվար-մայիս ամիսներին աճել են ԵԱՏՄ երկրների իրական համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսության և մանրածախ առևտրի ցուցանիշները։ Միաժամանակ, ավելանում է նաև միության անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը։
Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունները շարունակում են համատեղ աշխատանքը՝ եվրասիական ինտեգրացիան ամրապնդելու և երկրների ղեկավարների կողմից առաջադրված խնդիրներն իրականացնելու ուղղությամբ։
Նա նաև ընդգծել է, որ եվրասիական ինտեգրման խորացումը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ, գործնական օգուտ է բերում միության յուրաքանչյուր երկրին, նպաստում բիզնեսի եկամուտների աճին և բնակչության բարեկեցության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ Չոլպոն-Ատայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի վարչապետները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր։ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը նիստի սկզբում շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Անի Վարդանյան
























































































