Այսօր՝ օգոստոսի 7-ին նախատեսված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումներին ընդառաջ շարունակվում են աջակցության հայտարարությունները։ Վերջին օրերին Վեհափառ Հայրապետին սատարող եկեղեցականների, թեմերի և միջազգային կառույցների շրջանակն առավել լայն է դարձել։
Պաշտոնական հայտարարություններով կամ առաջնորդների մակարդակով իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ Արևմտյան թեմը, ԱՄՆ Արևելյան թեմը, Կանադայի Հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը, Դամասկոսի հայոց թեմը, Բաղդադի հայոց թեմը, ինչպես նաև Գերմանիայում ծառայող հայ հոգևորականների շրջանակը։
Վեհափառ Հայրապետին աջակցող հայտարարություններով հանդես են եկել նաև բազմաթիվ բարձրաստիճան եկեղեցականներ, այդ թվում՝
- Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը,
- Քյոլնում ծառայող Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը,
- Բաղդադի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
Սփյուռքի եպիսկոպոսների համատեղ հայտարարությանը միացել են նաեւ
- ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը,
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը,
- Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը,
- ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը,
- Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Աբգար արքեպիսկոպոս Հովակիմյանը,
- ԱՄՆ Հայոց եկեղեցու Արևելյան թեմի պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը,
- Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։
Վեհափառ Հայրապետին իր բացահայտ աջակցությունն է հայտնել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Նա հայտարարել է, որ «մեր հոգևոր եղբորը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի»։ Արամ Ա-ն հայտնել է նաև, որ Վեհափառին առաջարկել է անձամբ չներկայանալ դատարան, այլ ուղարկել իր ներկայացուցչին, միաժամանակ պետական պատասխանատուներին կոչ անելով հարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։
Օգիստոսի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)՝ կոչ անելով դադարեցնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը։ Կազմակերպությունը նշել է, որ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական իրավունքի շրջանակներում և հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել միջնորդական դեր։
Այսպիսով, դատական գործընթացին ընդառաջ Վեհափառ Հայրապետին աջակցություն են հայտնում ոչ միայն Մայր Աթոռի ներկայացուցիչներն ու առանձին եպիսկոպոսները, այլև Սփյուռքի մի շարք թեմեր, համայնքների առաջնորդներ և միջազգային հեղինակավոր հայկական կազմակերպություններ՝ ընդգծելով Եկեղեցու ներքին հարցերում կանոնական կարգի պահպանման անհրաժեշտությունը։
Նանիկ Աղասյան




























