Armenian text to speach

Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է․ ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը գրեթե կանգ է առել։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ուրբաթ օրը նեղուցում ևս երկու նավ է հարձակման ենթարկվել, իսկ ԱՄՆ-ը հայտարարել է, որ կարող է անորոշ ժամանակով պահպանել Իրանի դեմ կիրառվող ռազմածովային շրջափակումը։

Հինգշաբթի երեկոյան Հորմուզի նեղուցն անցնելիս հարձակման են ենթարկվել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությանը՝ ADNOC-ին պատկանող երկու նավ։ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական WAM գործակալության փոխանցմամբ՝ հարձակման համար պատասխանատու է Իրանը։ Թեհրանը դեպքի վերաբերյալ անմիջապես մեկնաբանություն չի ներկայացրել։

Նավերի երթևեկության ծավալները շարունակում են զգալիորեն ցածր մնալ պատերազմից առաջ եղած մակարդակից։ Kpler ընկերության տվյալներով՝ հինգշաբթի նեղուցով անցել է 9 նավ՝ նախորդ օրվա 5-ի փոխարեն, սակայն օգոստոսի միջին ցուցանիշը 12 նավ է։ Ուրբաթ վաղ առավոտյան նավերի տեսանելի անցումներ չեն գրանցվել։ Մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարին Իրանի դեմ սկսած պատերազմը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր ավելի քան 130 նավ։

Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նոր միջոցառումների մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել տարածաշրջանում ռազմածովային ներկայությունը՝ Իրանի նկատմամբ շրջափակումը կիրառելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ավելի մեծ ֆինանսական վնաս հասցնել Իրանին։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ սպասվում են նոր հայտարարություններ, և ԱՄՆ-ը պատրաստվում է կիրառել տնտեսական մեկուսացման այնպիսի միջոցներ, որոնք, իր գնահատմամբ, նախկինում որևէ երկրի նկատմամբ չեն կիրառվել։

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հինգշաբթի հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ երկրի ծրագրին։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է արգելել ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ «թշնամական» երկրների նավերի, սարքավորումների և այլ միջոցների անցումը նեղուցով։

Թեհրանը հայտարարել է, որ չի պատրաստվում բացել նեղուցը, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները։ Դրանց թվում են Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումը և սառեցված իրանական ակտիվների ազատումը։

Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։ Նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն ազդում է համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Brent տեսակի նավթի գինը հասել է մոտ 87 դոլարի, իսկ ամերիկյան WTI նավթը՝ մոտ 81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը հուլիսին հասել է ռեկորդային մակարդակի։ Ասիական վերամշակող ընկերությունները, մտահոգված Հորմուզի նեղուցի շրջափակմամբ, այս շաբաթ ավելացրել են նաև ԱՄՆ-ից նավթի գնումները՝ ապագա մատակարարումներն ապահովելու նպատակով։

Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին աճում են նաև համաշխարհային տնտեսության համար ռիսկերը։ Տնտեսագետները կանխատեսում են համաշխարհային տնտեսական աճի զգալի դանդաղում, իսկ պատերազմի երկարաձգման դեպքում որոշ տարածաշրջաններում չեն բացառում ռեցեսիայի վտանգը։

Անի Վարդանյան




Լրահոս