Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը՝ N 723-Ա, ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
Իսկ ով է նա։ Արամ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։
Խաչատրյանը 2002-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ 2009-2011 թվականներին իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2015-2016 թվականներին Նիդերլանդների Էրազմուս համալսարանում ստացել է արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոսի (LL.M.) աստիճան։
Մինչև նախարարի տեղակալ նշանակվելը Խաչատրյանը 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի օգոստոսը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում աշխատել է որպես գլխավոր իրավաբան։
Նրա աշխատանքը հիմնականում կապված է եղել տեխնոլոգիական և ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովման, ստարտափների և ՓՄՁ-ների խորհրդատվության, պայմանագրերի մշակման, ներդրումային ծրագրերի և պետություն-մասնավոր հատված համագործակցության հետ։
Խաչատրյանը նաև 2010 թվականից փաստաբանի կարգավիճակ ունի և ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։ 2023 թվականից նա ՀՀ արբիտրների ասոցիացիայի նախագահն է, իսկ 2022 թվականից դասավանդում է Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցում։
Նա աշխատել է նաև «Կասկադ Ինշուրանս»/«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։
Խաչատրյանը 2006-2008 թվականներին պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԶՈւ-ում։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Նշենք, որ նա ամուսնացած է և ունի երեք զավակ։
Արամ Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 14-ին։
Սոնա Գրիգորյան




























