Armenian text to speach

Ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյան Տիգրանի ունեցվածքը։

Մինչև ԿԸՀ անդամ դառնալը նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ 2020-2021 թվականներին աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմում՝ որպես վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական, 2021-2022 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2022 թվականին աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունում՝ որպես խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ պաշտոնը ստանձնել է նույն թվականի հոկտեմբերի 12-ին։

Անշարժ գույք Աննա Գրիգորյանը 2025 թվականի սկզբում, տարվա ընթացքում կամ տարվա վերջին չի հայտարարագրել։ Սակայն հայտարարագրում նշված է, որ տարվա ընթացքում նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է բազմաբնակարան բնակելի շենքի՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոց նույնպես չի հայտարարագրվել։

Արժեթղթերի, այլ ներդրումների և փոխառությունների վերաբերյալ 2025 թվականի հայտարարագրում տվյալներ չկան։ Փոխարենը նշված է բանկային ավանդ։ Տարվա սկզբում դրա մնացորդը կազմել է 117 հազար 418.5 դրամ, իսկ տարվա վերջին՝ 126 հազար 903 դրամ։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2025 թվականին Աննա Գրիգորյանը հայտարարագրել է ընդհանուր 14 մլն 210 հազար 256 դրամ եկամուտ։ Դրանցից 12 մլն 771 հազար 517 դրամը ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով, իսկ նույն ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացել է ևս 1 մլն 402 հազար 739 դրամ։ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանյան մասնաճյուղից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով նրա եկամուտը կազմել է 36 հազար դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Աննա Գրիգորյանն ունեցել է նաև երկու վարկային պարտավորություն։ Դրանցից մեկի մայր գումարի մնացորդը կազմել է 1 մլն 373 հազար 657 դրամ, մյուսինը՝ 11 մլն 8 հազար 808 դրամ։ Երկու վարկերի ընդհանուր մայր գումարի մնացորդը կազմել է 12 մլն 382 հազար 465 դրամ։

Հետաքրքիր է նաև համեմատել ԿԸՀ անդամի ներկայիս ունեցվածքը 2021 թվականի հայտարարագրի հետ, երբ նա աշխատում էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2021 թվականին Աննա Գրիգորյանը անշարժ գույք չի ունեցել, տարվա ընթացքում անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել և տարվա վերջին նույնպես իր անունով անշարժ գույք չի հայտարարագրել։ Տրանսպորտային միջոց նույնպես չի ունեցել և չի հայտարարագրել։

2021 թվականի հայտարարագրում արժեթղթեր կամ այլ ներդրումներ ևս նշված չեն։ Փոխարենը նա հայտարարագրել էր երկու փոխառություն։Երկու փոխառությունների ընդհանուր մնացորդը 2021 թվականի վերջին կազմել էր 2 մլն 30 հազար դրամ։

2021 թվականին բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդ, էլեկտրոնային հաշիվ, կրիպտոարժույթ կամ կանխիկ դրամ Աննա Գրիգորյանը չի հայտարարագրել։ Եկամուտների բաժնում նույնպես տվյալներ չեն ներկայացվել, ինչպես նաև տվյալներ չեն եղել տարվա վերջին ստացված վարկերի կամ փոխառությունների մայր գումարի մնացորդի վերաբերյալ։

Այսպիսով, եթե 2021 թվականին, երբ Աննա Գրիգորյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, նրա հայտարարագրում հիմնականում առանձնանում էին Ինեկո Բանկից ստացված երկու փոխառությունները՝ ընդհանուր 2 մլն 30 հազար դրամ մնացորդով, ապա 2025 թվականին նրա հայտարարագրում արդեն առկա է 14 մլն 210 հազար 256 դրամ ընդհանուր եկամուտ, 126 հազար 903 դրամի բանկային ավանդ և 12 մլն 382 հազար 465 դրամի վարկային պարտավորությունների մնացորդ։ Միևնույն ժամանակ, ինչպես 2021-ին, այնպես էլ 2025-ին նա իր անունով անշարժ գույք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս