«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կնոջ Մանե Մինասյանի ունեցվածքը։ Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա կինը՝ Մանե Մինասյանը, այդ տարվա դրությամբ աշխատում է «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղում՝ որպես հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի համակարգող։ Սակայն նրա նախորդ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Մանե Մինասյանը նախկինում աշխատել է նաև պետական համակարգում։
2021 թվականին Մանե Մինասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում։ Նույն պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև 2022 թվականին։ Նույն թվականին աչդեն դադարել է աշխատել։
2021 թվական
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մանե Մինասյանը տարվա սկզբում և տարեվերջին ունեցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան։ Բնակարանը ձեռք էր բերվել 2020 թվականի հուլիսի 29-ին՝ գնման եղանակով, համատեղ սեփականության իրավունքով։
Միաժամանակ երկու բանկային հաշիվներում տարվա սկզբում ունեցել է ընդհանուր 2 մլն 916 հազար 971 դրամ, իսկ տարվա վերջում՝ 780 հազար 308 դրամ։
2022 թվական
2022 թվականին Մանե Մինասյանը շարունակում էր զբաղեցնել Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականի պաշտոնը, որը ստանձնել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին։
Նրա հայտարարագրում կրկին առկա էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող նույն բնակարանը, որը ձեռք էր բերվել 2020 թվականին։ Նոր անշարժ գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
2022 թվականի սկզբում նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 434 հազար 290.77 դրամ։
Տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 58 հազար 199 դրամ, որն ամբողջությամբ ստացել է Հաշվեքննիչ պալատից՝ աշխատանքի վարձատրության դիմաց։
2023 թվական
2023 թվականին Մանե Մինասյանի հայտարարագրում շարունակում էր մնալ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը։ Նոր անշարժ գույք կամ ավտոմեքենա չի հայտարարագրել։
Բանկային հաշիվներում տարվա վերջում ունեցել է ընդհանուր 3 մլն 500 հազար 728.04 դրամ։
2023 թվականին Մանե Մինասյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 4 մլն 983 հազար 602 դրամ։
Դրանից 348 հազար 260 դրամը ստացել է Հաշվեքննիչ պալատից՝ աշխատանքի վարձատրության դիմաց, 4 մլն 257 հազար 536 դրամը՝ «World Vision International» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղից, իսկ 377 հազար 806 դրամը՝ «World Vision Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամից։
2024 թվական
2024 թվականի հայտարարագրում Մանե Մինասյանի գույքի մեջ կրկին առկա է Արաբկիր վարչական շրջանում գտնվող նույն բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով ձեռք էր բերվել 2020 թվականին։
Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 27 մլն 476 հազար 493.2 դրամ։ Վարկի նպատակային նշանակությունը կապված է բնակարանի ձեռքբերման հետ։
2024 թվականին Մանե Մինասյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 29 մլն 546 հազար 946 դրամ։ Դրանից 27 մլն 660 հազար դրամը եղել է UNIBANK-ից ստացված փոխառությունը, իսկ 1 մլն 886 հազար 946 դրամը՝ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» երեխաների պաշտպանության հիմնադրամից ստացած աշխատանքի վարձատրությունը։
2025 թվական
Նախկին ԱԽ քարտուղարի կնոջ 2025 թվականի հայտարարագրում շարունակում է առկա լինել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան, որը ձեռք է բերվել 2020 թվականի հուլիսի 29-ին՝ գնման եղանակով և համատեղ սեփականության իրավունքով։
2025 թվականին Մանե Մինասյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 8 մլն 349 հազար 921 դրամ։
Դրանից 6 մլն 779 հազար 829 դրամը ստացել է «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» երեխաների պաշտպանության հիմնադրամից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով, իսկ 1 մլն 570 հազար 92 դրամը կազմել է ՀՀ ՊԵԿ-ից ստացված եկամտային հարկի վերադարձը։
Այսպիսով, Մանե Մինասյանի հայտարարագրերից երևում է, որ 2021 և 2022 թվականներին նա աշխատել է պետական համակարգում՝ Հաշվեքննիչ պալատում՝ որպես նախագահի օգնական։ 2023 թվականին նրա եկամուտների շարքում արդեն հայտնվել են «World Vision»-ի կառույցներից ստացված գումարները, իսկ 2025 թվականի դրությամբ նա այդ կազմակերպության Հայաստանի մասնաճյուղում զբաղեցնում է հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի համակարգողի պաշտոնը։
Գույքային առումով 2021-2025 թվականներին հիմնականում պահպանվել է նույն բնակարանը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Էական փոփոխությունը տեղի է ունեցել 2024 թվականին, երբ հայտարարագրում հայտնվել է 27.6 մլն դրամի UNIBANK-ի փոխառությունը, որի մնացորդը 2025 թվականի վերջին կազմել է մոտ 27 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը 2026 թվականի օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը նախկինում արդեն անդրադարձել են Արմեն Գրիգորյանի ունեցվածքի փոփոխություններին, որին կարող եք ծանոթանալ ստորև։
Հղում՝ https://armlur.am/1576613/ ։




























