ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 2-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Մովսիսյանը։ Նորանշանակ փոխնախարարը մասնագիտությամբ դեղագետ է, գիտությունների դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանում և երկար տարիներ աշխատել է գիտության ու դեղագործության ոլորտներում՝ Հայաստանից դուրս։
Լևոն Մովսիսյանը ծնվել է 1988 թվականի մարտի 8-ին՝ Բենիամին գյուղում։ 2005-2010 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ստացել դեղագետի որակավորում։ 2011-2014 թվականներին Օքսֆորդի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի կոչում։ Նրա հետազոտական հիմնական ուղղություններն են եղել սուպրամոլեկուլային քիմիան և ածխածնի նոր ալոտրոպ ձևերը։
Մովսիսյանը մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է գիտահետազոտական և դեղագործական ոլորտներում։ 2014-2015 թվականներին աշխատել է Օքսֆորդի համալսարանում՝ որպես գիտաշխատող։ Այդ ընթացքում ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող և համակարգել է բրիտանական ու գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը։
2016-2018 թվականներին աշխատել է Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։ Այստեղ զբաղվել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը վերաբերող հետազոտություններով, ինչպես նաև միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և «Ֆ. Հոֆման-Լա Ռոշ» ընկերության հետ։
2018-2020 թվականներին Մովսիսյանը գիտաշխատող է եղել Կանադայի Ալբերտայի համալսարանում։ Այդ տարիներին ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը, մասնակցել սարքավորումների գնահատման և գնման, անվտանգության ընթացակարգերի ու տվյալների որակի ստանդարտների ներդրման աշխատանքներին։
2021 թվականին նա աշխատել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում՝ որպես խորհրդատու՝ ուսումնասիրելով ստարտափների տեխնիկական և գիտական հիմքերը և իրականացրել պատշաճ ուսումնասիրություններ՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը եղել է ավագ գիտաշխատող Նիդերլանդներում, իսկ 2022-2024 թվականներին՝ ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող։ Այդ պաշտոնում պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի իրականացման համար, ղեկավարել որակի վերահսկման գործընթացների ավտոմատացման և թվայնացման աշխատանքները, ինչպես նաև բազմագործառութային թիմերի աշխատանքը։
2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը Մովսիսյանը Նիդերլանդներում աշխատել է որպես ծրագրի ղեկավար՝ զբաղվելով հետազոտությունների փաստաթղթային փաթեթների գնահատմամբ և դրանք միջազգային կարգավորող պահանջներին համապատասխանեցնելով։
Նրա կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև գիտական գործունեությունը։ 2012-2020 թվականներին նա միջազգային գիտական ամսագրերի համար հանդես է եկել որպես փորձագետ-գնահատող, իսկ նույն ժամանակահատվածում ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։
Մովսիսյանը մասնակցել է նաև ձեռնարկատիրական կրթական ծրագրերի։ 2012-2013 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցում՝ «Կառուցելով բիզնեսը» ծրագրում, իսկ 2017 թվականին Ցյուրիխում մասնակցել է ՍիԹիԱյ ձեռնարկատիրական վերապատրաստման ծրագրին։
Նա արժանացել է Օքսֆորդի Րաֆֆի Մանուկյան կրթաթոշակի և «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի, ինչպես նաև Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի։ Մովսիսյանը միջազգային գիտական տասը հոդվածների հեղինակ և համահեղինակ է։
Լևոն Մովսիսյանը տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Նա ամուսնացած է և ունի երկու զավակ։
2026 թվականի սեպտեմբերի 2-ից Լևոն Մովսիսյանը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։
Անի Վարդանյան




























