ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արման Պողոսյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը՝ ներկայացնելու համար, թե ինչ ունեցվածքով է նա հեռանում պաշտոնից։
Հայտարարագրի համաձայն՝ Արման Պողոսյանն ունի միանձնյա սեփականության իրավունքով ոչ բնակելի տարածք Երեւանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաեւ Օշականում՝ ժառանգությամբ ձեռք բերված բնակելի տուն եւ երկու հողամաս։ Բացի այդ, նա համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։Փաստացի նա ունի 5 անշարժ գույք։
Պաշտոնյայի հայտարարագրում նշված է նաեւ, որ նա տարվա ընթացքում 90 եւ ավելի օր փաստացի տիրապետել է Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող մեկ այլ բնակարանի, որի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։
Արման Պողոսյանը հայտարարագրել է նաեւ 2020 թվականի արտադրության Lexus ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի փետրվարի 5-ին՝ գնման եղանակով։
Նրա ֆինանսական միջոցների շարքում է նաեւ 20 մլն դրամ արժողությամբ պարտատոմս, որը ձեռք է բերվել «Էվոկաբանկ»-ից։ Հայտարարագրում նշված է, որ տարվա սկզբին եւ վերջում պարտատոմսերի արժեքը կազմել է 20 մլն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում կազմել են ընդհանուր 6 մլն 29 հազար 220 դրամ։
Կանխիկ միջոցներից տարվա վերջում Արման Պողոսյանը հայտարարագրել է 29 հազար 500 ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբին նրա կանխիկ դոլարային միջոցները կազմել էին 51 հազար դոլար, իսկ 2 հազար եվրո կանխիկ միջոցը տարեվերջին այլեւս չի հայտարարագրվել։
2025 թվականին Արման Պողոսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 29 մլն 436 հազար 758 դրամ։ Դրանից 19 մլն 83 հազար 219 դրամը աշխատանքի վարձատրությունն է, 5 մլն 200 հազար դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճարը, 3 մլն 103 հազար 539 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, իսկ 2 մլն 50 հազար դրամը՝ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը։
Միաժամանակ, նրա հայտարարագրում նշված է 27 մլն 327 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ, որի նպատակային նշանակությունը բնակարանի գնումն է։
2025 թվականին հանգստի համար կատարած ճանապարհորդության եւ կեցության ծախսերը կազմել են 2 մլն 450 հազար դրամ, իսկ վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 4 մլն 320 հազար դրամ։
Սոնա Գրիգորյան




























