ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային հետախուզական և թիրախավորման աջակցություն է տրամադրում Եմենում իրանական աջակցությունը վայելող հութիների դեմ ռազմական գործողություններում։ CNN-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում այդ աշխատանքներին ներգրավված է ավելի քան 100 ամերիկացի ռազմական խորհրդական, իսկ ամերիկացի պաշտոնյաներից մեկը նրանց թիվը գնահատել է մոտ 200։
ԱՄՆ-ը Սաուդյան կողմին տրամադրում է հետախուզական տվյալներ և աշխարհագրական թիրախավորման աջակցություն, այդ թվում՝ մարտադաշտում իրավիճակը իրական ժամանակում հետևելու հնարավորություն տվող համակարգի միջոցով։ Սակայն ամերիկյան զինուժը անմիջականորեն չի մասնակցում հարվածներին, չի իրականացնում սաուդյան ինքնաթիռների վերալիցքավորում և այլ օպերատիվ աջակցություն չի տրամադրում։
ԱՄՆ-ի աջակցությունը ակտիվացել է Եմենում հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերի միջև մարտերի սրման ֆոնին։ Վերջին օրերին հութիները նաև հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային, իսկ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Եմենում կարող են գտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարյուրավոր զինվորականներ։
Վաշինգտոնում մտավախություն կա, որ հութիների դեմ պայքարը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի երկրորդ ճակատի և սպառնալ Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգությանը։
Անի Վարդանյան




























