«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել դատավորների ունեցվածքները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։
Վահագն Թորոսյանը դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հունիսի 8-ից։
Անշարժ գույք
2025 թվականի սկզբի դրությամբ Վահագն Թորոսյանի հայտարարագրում առկա են երեք անշարժ գույք՝ երկու ավտոկայանատեղի և բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող գույք։ Բոլոր երեք գույքերը համատեղ սեփականության իրավունքով են և ձեռք են բերվել 2024 թվականին՝ երկուսը՝ փետրվարի 20-ին և 21-ին, իսկ բազմաբնակարան շենքի գույքը՝ փետրվարի 21-ին։ Տարեվերջին երեք գույքերն էլ պահպանվել են։
Բացի այդ, դատավորը հայտարարագրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում բնակարան, որը 2025 թվականի ընթացքում փաստացի տիրապետել է 90 և ավելի օր։
Ավտոմեքենաներ
Դատավորի անվամբ տարեսկզբին և տարեվերջին առկա են եղել երկու ավտոմեքենա՝ 2018 թվականի Chevrolet և 2001 թվականի Nissan։ Chevrolet-ը նա ձեռք է բերել 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, իսկ Nissan-ը՝ դեռևս 2014 թվականի հուլիսի 4-ին։ 2025 թվականին նոր մեքենա ձեռք բերելու կամ առկա մեքենաներից որևէ մեկը օտարելու մասին հայտարարագրում տվյալներ չկան։
Բաժնետոմսեր
Վահագն Թորոսյանը հայտարարագրել է նաև երկու բաժնետոմս։ Առաջինը ձեռք է բերվել 2005 թվականի հունիսի 3-ին, դրա արժեքը 97 հազար 500 դրամ է։ Երկրորդը ձեռք է բերվել 2014 թվականի ապրիլի 22-ին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից, և դրա արժեքը կազմում է 30 մլն 902 հազար 940.3 դրամ։ Երկու ներդրումների արժեքն էլ տարվա սկզբի և վերջի դրությամբ մնացել է անփոփոխ։
Ավանդներ և դրամական միջոցներ
Դատավորը երեք բանկային ավանդ է հայտարարագրել։ Դրանցից երկուսը տարվա սկզբին և վերջում կազմել են 50-ական հազար ԱՄՆ դոլար, իսկ երրորդը՝ 30 հազար դրամ։
Բանկային հաշիվների մնացորդների մասով տարեվերջին նա ունեցել է 1 հազար 607.56 դոլար, 4 հազար 930 դոլար, 366 հազար 739 դրամ և 1 մլն 200 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները նույնպես աճել են։ Տարվա սկզբի դրությամբ դատավորը հայտարարագրել էր 1 հազար 500 եվրո, 5 հազար ԱՄՆ դոլար և 10 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 9 հազար 500 եվրո, 10 հազար ԱՄՆ դոլար և 12.5 մլն դրամ։
Եկամուտ
2025 թվականին Վահագն Թորոսյանը հայտարարագրել է ընդհանուր 32 մլն 311 հազար 075 դրամ եկամուտ։
Դրանից 14 մլն 396 հազար 691 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։
Նա 14 մլն 200 հազար դրամ ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Ռիմա Ներսեսի Թորոսյանից։ Բացի այդ, Ամիօբանկ ՓԲԸ-ից ստացված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսը և այլ հատուցումը կազմել է 5 հազար 400 ԱՄՆ դոլար, իսկ եկամտային հարկի վերադարձը՝ 1 մլն 650 հազար դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես այլ եկամուտ հայտարարագրվել է ևս 72 հազար դրամ։
Վարկ
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վահագն Թորոսյանի վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 15 մլն 731 հազար 700 դրամ։ Հայտարարագրում նշված է երկու պարտավորություն՝ համապատասխանաբար 300 հազար դրամ և 15 մլն 431 հազար 700 դրամ, որոնցից երկրորդը կապված է բնակարանի հետ։
2025 թվականին դատավորը վարկի մարմանն ուղղված վճարումների համար կատարել է 2 մլն 520 հազար դրամի ծախս։
Սոնա Գրիգորյան




























