Առողջապահության նախարարության համակարգում իրականացվող կադրային քաղաքականությունը շարունակում է լուրջ տարակուսանք առաջացնել, որի առանցքում Ստեփան Աթոյանի արտասովոր ու թռիչքային կարիերան է։
Ընդամենը 2021 թվականի սկզբին ԵՊԲՀ-ում էնդոսկոպիայի վերապատրաստում անցնող բժիշկը, չունենալով ղեկավարման լուրջ փորձառություն, կարճ ժամանակում ստանձնեց առողջապահական համակարգի ամենապատասխանատու պաշտոնները։
Մինչ նման կարևոր պաշտոններ զբաղեցնելը, Ստեփան Աթոյանը ընդամենը մի քանի ամիս՝ 2019 թվականին, եղել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ։
Նա նախ 2021 թվականի հուլիսին նշանակվեց «Բժշկական գենետիկայի և առաջնային առողջապահության կենտրոնի» տնօրենի տեղակալ, որտեղ մնաց ընդամենը երեք ամիս, իսկ արդեն 2022 թվականի օգոստոսին զբաղեցրեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի աթոռը։ Այնտեղ երկու տարի պաշտոնավարելուց հետո՝ 2024 թվականին, Աթոյանը նշանակվեց մեկ այլ հսկայական կառույցի՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն, որտեղ շարունակում է պաշտոնավարել մինչ օրս՝ 2026 թվականին։
Ստեփան Աթոյանի նման արագընթաց առաջխաղացումն իրականացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում տիրող համատարած կադրային քաոսի ֆոնին։ Այս հաստատության գործունեությունը համակարգում է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 2021 թվականից ի վեր նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում այս ռազմավարական կենտրոնում հասցրել է փոխվել վեց տնօրեն՝ Հովհաննես Մադոյանը, Վարդան Ավագյանը, Ստեփան Աթոյանը, Սպարտակ Պետրոսյանը, Կարեն Հակոբյանը, իսկ վերջերս էլ տնօրենի ժ/պ է նշանակվել Արմեն Օհանյանը։
Սոնա Գրիգորյան






















