«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում օրերս անցկացված «Համավարակների դեմ պայքարի հիմնադրամի» Կառավարող խորհրդի 21-րդ նիստին Հայաստանը ներկայացրել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են համավարակների կանխարգելման, հանրային առողջապահության համակարգերի ամրապնդման և միջազգային համագործակցության հարցեր։ Իսկ սոցցանցերում հրապարակված ուրախ ռիլում՝ շատրվաններ, երգ ու պար։
Թերևս առողջապահական խնդիրների կանխարգելումն այնքան էլ բարդ գործ չէ, երբ այն ներկայացվում է համաժողովների դահլիճներից ու տոնական կադրերով։ Բայց կա մի անհարմար հարց․ ի՞նչ է արվում Հայաստանում հանրային առողջության իրական սպառնալիքները կանխելու համար։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի նմուշառման վերջին ստուգումը, ըստ առկա տեղեկությունների, իրականացվել է դեռևս 2024 թվականին։ Այսքանից հետո վերևում նշված պատասխանատու պաշտոնյաները խոսում են հանրային առողջության համակարգի դիմակայունության մասին՝ առանց ապահովելու անգամ ջրի պատշաճ վերահսկողությունը։
Միջազգային համաժողովներին մասնակցելն ու գեղեցիկ տեսանյութեր հրապարակելը, իհարկե, խնդիր չէ։ Խնդիրն այն է, որ հանրային առողջությունը չափվում է ոչ թե ռիլերի դիտումներով, այլ մարդկանց անվտանգ ջրով և իրական կանխարգելիչ աշխատանքով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























