ԴԵՄ ԵՆ ԲՈՒՀԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման հարցը: Սակայն այն այդպես էլ լուծում չի ստանում: Օրերս Վանաձորում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը բուհերի կոլեկտիվների հետ քննարկեց դրանց միավորման հարցը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանին ձեռք չի տալիս բազմաթիվ փոքր բուհեր ունենալը, իսկ դրանց համախմբումը կբարձրացնի ուսման որակը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Արմեն Խառատյանը խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Մենք ցանկանում ենք, որ շարունակվի այնպես, ինչպես եղել է 80 տարի»:
Նախօրեին էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով Վանաձորում էր, որտեղ հանդիպեց ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության առաջարկը՝ կապված մասնաճյուղի եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) հնարավոր միավորման եւ նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: Նախարարի հետ հանդիպմանն ուսանողները ներկայացրին իրենց մտահոգությունը՝ կապված բուհերի միավորման հետ:
Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները եւ դասախոսական կազմը դեմ արտահայտվեցին բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաեւ խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի եւ մասնաշենքերի պահպանման հարցը:
Նախարարն ընդունեց բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը գուցե նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, եւ երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երեւանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաեւ միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաեւ այդ հարցը:
Սակայն, ըստ նախարարի, բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: «Համալսարանի ձեւավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից: Դրանում հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն, անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետեւել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, եւ Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի, թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա»,-հանդիպմանը հայտարարեց Ա. Աշոտյանը:
Իհարկե, ԿԳ նախարարը բուհերի դասախոսական կազմին առաջարկել է համալսարանականացման ծրագիր ներկայացնել եւ, եթե նրանք ի վիճակի լինեն առանձին-առանձին կյանքի կոչել այդ ծրագիրը, ապա կարող են գործել որպես առանձին համալսարաններ: Եվ դրա համար 2 բուհերին էլ նախարարը ժամանակ է տվել: Քանի որ միավորման դեպքում բազային է լինելու մանկավարժական բուհը, ապա բնական է՝ Պոլիտեխնիկը կադրերի, նաեւ ռեկտորի աթոռի կորուստ կունենա: Ուստի ենթադրելի է, որ Պոլիտեխնիկի ռեկտորը երբեւէ չի համաձայնի բուհերի միավորմանը, քանի որ իրենց բուհում արդեն կան ձեւավորված ավանդույթներ, կարգեր, որոնք միավորման դեպքում դժվար թե գործեն:
Պոլիտեխնիկի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպումից հետո նախարարն այցելել է ՎՊՄԻ: Այստեղ բուհի ուսանողները մտահոգություն են հայտնել` կապված մասնաշենքերի պահպանման հետ: Սակայն նախարարը նրանց հավաստիացրել է, որ շենքը մնալու է բուհին:
Նշենք, որ կառավարության մեկ այլ նախագծով էլ միավորվելու են Գյումրի քաղաքում գործող արվեստի 3 պետական բուհերի Գյումրու մասնաճյուղերը` «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ը: Համաձայն այս նախագծի՝ դադարեցվելու է երեք բուհերի գործունեությունը, եւ դրանք փոխարինվելու են մեկ այլ կառույցով` Գյումրու արվեստի պետական ակադեմիայով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս