Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։
Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Սուրբ Սեղանի օծումը։
Այնուհետև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանի և Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի ձեռմաբ օծվեցին խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու մնացյալ սյուները։
«Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ միավորվում են երկրայինն ու երկնայինը, ժամանակավորն ու հավիտենականը։ Սրբազան այս վայրում մարդը հանդիպում է իր Արարչին, աղոթքով խոսում Նրա հետ, հոգու խաղաղություն գտնում և ուժ ստանում ընթանալու փրկության ճանապարհով։ Դրա համար է սաղմոսերգուն Աստծո տաճարի մասին հիացմունքով բարձրաձայնում. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)»,– ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Անդրադառնալով հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը շեշտեց, որ փորձությունները հնարավոր է դիմագրավել միաբանությամբ, տոկունությամբ, հայրենանվեր ու քաջարի ոգով և առ Տերն ապավինությամբ։
«Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամեց Հայոց Հայրապետը։
Դիմելով բյուրեղավանցիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրաբար հորդորեց շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։
Եկեղեցու օծման ուրախալի առիթով Վեհափառ Հայրապետն իր հայրապետական բարձր գնահատանքն ու բարեմաղթանքները բերեց նվիրյալ բարերարներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց եկեղեցաշեն գովելի վաստակին հավելել են ևս մեկ աստվածահաճո և նշանակալի իրագործում։ Նորին Սրբությունը գնահատանք հայտնեց նաև եկեղեցու ճարտարապետ տիար Էդիկ Պողոսյանին, համայնքի ղեկավար տիար Հակոբ Բալասյանին և գովարժան ձեռնարկին իրենց զորակցությունը բերած բոլոր անձանց։
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս հայցեց, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի հավատավոր ժողովրդին և նորաօծ եկեղեցին, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին և հայրենի երկրին, ապահով ու անվտանգ կյանք՝ համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս։
























































































