Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և իրանական պատվիրակության հիմնական կազմը այս շաբաթ կմեկնեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար։ Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների ֆոնին, երբ երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան։
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ թույլ կտա Իրանի «հիմնական պատվիրակությանը», այդ թվում՝ նախագահ Փեզեշքիանին, մասնակցել ՄԱԿ-ի միջոցառումներին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ այս տարվա իրանական պատվիրակությունն ավելի փոքր կազմով է լինելու, քան 2025 թվականին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արդեն ժամանել է Նյու Յորք, իսկ Փեզեշքիանի այցը սպասվում է երեքշաբթի։ Պատվիրակության ամբողջական կազմը դեռ հայտնի չէ։
Միաժամանակ, իրանցի պաշտոնյաների տեղաշարժը ԱՄՆ-ում խիստ սահմանափակված կլինի։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ նրանք ԱՄՆ են ընդունվում բացառապես ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնելու նպատակով և իրենց գործունեությունը պետք է սահմանափակեն ՄԱԿ-ի հետ կապված աշխատանքով։
Իրանցի պաշտոնյաները Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանից, Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից կամ Իրանի՝ ՄԱԿ-ում ներկայացուցչության տարածքից դուրս տեղաշարժվելու համար պետք է նախապես թույլտվություն ստանան ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Փեզեշքիանի անվտանգությունն ապահովելու է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, իսկ մյուս իրանցի ներկայացուցիչների անվտանգությունը՝ Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության ծառայությունը՝ Նյու Յորքի ոստիկանության աջակցությամբ։
Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության պահպանման պայմաններում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածների մասին հրապարակային տեղեկություններ չեն եղել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գտնվում է «որոշում կայացնելու փուլում» և առաջիկայում կարող են տեղի ունենալ «շատ մեծ բաներ»՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։
Իրանի կողմից, իր հերթին, հնչել են նախազգուշացումներ, որ ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Թեհրանը կարող է շարունակական հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին և շահերին։ Իրանի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել ԱՄՆ-ի կողմից որոշ տարածաշրջանային երկրների աջակցությամբ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստությունների մասին։
Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցում է տասնամյակներ շարունակ։ Սակայն այս տարվա այցն առանձնահատուկ է, քանի որ իրանական պատվիրակությունը Նյու Յորք է մեկնում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը դեռևս վերջնականապես կարգավորված չէ։
Միաժամանակ, ԱՄՆ-ը կրկին չի տրամադրել վիզա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին, ինչի հետևանքով նա, ըստ սպասվող ծրագրի, ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեսաուղերձով։
Անի Վարդանյան
























































































