Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի անունը կրկին հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում։ Երեկ «Ազատության» հրապարակված տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարն առճակատման մեջ է մտել կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի հետ, ընդ որում՝ վերջինս պնդում է, որ Կատվալյանը իրեն սպառնացել է։
«Ազատության» հետ զրույցում Դավթյանը պատմել է, որ սեպտեմբերի 14-ին գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանը բարձր ձայնով պահանջել է դուրս գալ սենյակից և, ըստ նրա փոխանցման, ասել է՝ «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս»։ Դավթյանը պնդում է, որ դրանից հետո գրություններով դիմել է վարչապետին, Երևանի քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։
Կատվալյանը, սակայն, հերքում է Դավթյանի ներկայացրած նկարագրությունը՝ հայտարարելով, որ վիրավորական կամ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն չի հնչել, իսկ քննարկումները եղել են աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման շրջանակում։ Նա Դավթյանին մեղադրում է նաև աշխատանքային թերացումների մեջ՝ մասնավորապես սեպտեմբերի 1-ի միջոցառման հետ կապված։
Բայց այստեղ պատմությունը չի սկսվում և, ըստ ամենայնի, չի ավարտվում կրթության բաժնի պետի հետ վեճով։
Դատարան, վերականգնում և 11 միլիոն դրամ
Դավթյանի հետ Կատվալյանի նախկին հակասությունը ևս նոր չէ։ Կատվալյանը նախկին պաշտոնավարման ընթացքում ազատել էր Դավթյանին, սակայն դատարանը այդ որոշումը հակաօրինական էր ճանաչել։ Դավթյանը 2026 թվականի հունվարին վերականգնվել է պաշտոնում և ստացել շուրջ 11 միլիոն դրամ փոխհատուցում։
Այսինքն՝ այսօր արդեն երկրորդ անգամ նույն պաշտոնյայի և նույն աշխատակցի միջև առաջացել է լուրջ կոնֆլիկտ։
Ավելին՝ ըստ նույն հրապարակման՝ Կատվալյանի՝ հուլիսին վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո Դավթյանի աշխատասենյակը դատարկվել է, իսկ նրան տեղափոխել են ընդհանուր բաժին։ Կատվալյանը նաև խիստ նկատողություն է տվել Դավթյանին։
Մոտ 40 ազատված աշխատակից՝ նախկին պաշտոնավարման ընթացքում
Armlur.am-ը պարզեց, որ Կատվալյանի շուրջ ամենաաղմկահարույց պատմություններից մեկը վերաբերում է նրա նախկին պաշտոնավարման ժամանակահատվածին։
2023 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելու առաջին շրջանում Կատվալյանը պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց շուրջ 40 աշխատակիցների ազատել էր աշխատանքից, իսկ վարչական շրջանի աշխատակիցները դժգոհել էին կադրային քաղաքականությունից։ Պարբերականը նաև ներկայացրել էր աշխատակիցների պնդումները, թե վարչական շրջանի տարբեր բաժիններից մարդիկ ազատվել են, իսկ նրանց փոխարեն նշանակվել են Դավթաշենի վարչական շրջանից Կատվալյանի հետ եկած անձինք։
Գնումների գործի ստվերը
Կատվալյանի անունը 2023-ին շրջանառվեց նաև Մալաթիա-Սեբաստիայի գնումների հետ կապված քրեական պատմության համատեքստում։
Այդ ժամանակ իրավապահները բերման էին ենթարկել վարչական շրջանի նախկին ղեկավարին և մի քանի պաշտոնյաների՝ գնումների գործընթացի ոչ պատշաճ իրականացման կասկածանքով։ Կատվալյանի անունը ևս շրջանառվում էր գործի շրջանակում, սակայն հենց ինքը հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի գործին և իրավապահները իրեն հարցաքննության չեն կանչել։
Աղբահանության տարիներն էլ առանց սկանդալների չեն անցել
Կատվալյանը հետագայում նշանակվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։ Այդ պաշտոնավարման ընթացքում նույնպես մամուլում հրապարակումներ եղան մրցույթների և մատակարարների հետ կապված խնդիրների մասին։
Մասնավորապես, 2025 թվականին ցախավելների մատակարար Արթուր Անանյանի և ԵԱՍՄ-ի միջև առաջացած վեճերի ու դատական գործընթացների մասին։ Մատակարարը պնդել էր, որ Կատվալյանի նշանակվելուց հետո իր համար խոչընդոտներ են առաջացել, իսկ հիմնարկը նրա հետ պայմանագիրը միակողմանի լուծել է։ Գործարարը դիմել էր դատարան։ 168.am
Եվ այս ամենից հետո՝ վերադարձ Մալաթիա-Սեբաստիա
Ու հիմա նույն Սաշա Կատվալյանը կրկին ղեկավարում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։
Ու հենց վերադարձից ամիսներ անց նրա շուրջ արդեն երկրորդ աշխատակիցն է ահազանգում։
Հարցն այստեղ միայն մեկ վիճաբանությունը չէ։ Հարցն այն է, թե ինչու է Կատվալյանի պաշտոնավարման տարբեր փուլերում պարբերաբար առաջանում նույնատիպ խնդիրների շղթա՝ աշխատակիցների հետ կոնֆլիկտներ, ազատումների վերաբերյալ բողոքներ, դատարաններ, գնումների շուրջ հրապարակումներ և այժմ՝ կրթության բաժնի ղեկավարի նոր ահազանգ։
Իսկ եթե այս ամենը պարզապես «աշխատանքային պահանջկոտություն» է, ինչպես պնդում է Կատվալյանը, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրա ղեկավարած կառույցներում այդ «պահանջկոտությունը» այդքան հաճախ վերածվում է կոնֆլիկտների, բողոքների ու դատական վեճերի։
Մնում է սպասել նաև քաղաքապետարանի և արձագանքին՝ արդյոք այս անգամ էլ ամեն ինչ սահմանափակվելու է ներքին նկատողություններով, թե՞ փորձ է արվելու պարզել, թե իրականում ինչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում։
Սոնա Գրիգորյան




























