Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեղրիում քաղաքական զարգացումները թեժանում են. համայնքապետի հետ կալանավորված անձն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիից ArmLur.am-ին հայտնում են, որ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ նույն օրը կալանավորված Սյունիքի էկոպարեկային ծառայության պետն օրեր առաջ ազատ է արձակվել։

Սեպտեմբերի 9-ին Խաչատուր Անդրեասյանի հետ կալանավորվել էր նաև Սյունիքի էկոպարեկային ծառայության պետը։ Վերջինիս, ինչպես նաև համայնքապետին, դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Սակայն, ինչպես Մեղրի համայնքից են հայտնում ArmLur.am-ին, սեպտեմբերի 17-ի դրությամբ էկոպարեկային ծառայության պետն արդեն ազատության մեջ էր։ Ավելին՝ նույն օրը նա Կապանում՝ մարզպետարանի մոտ, հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Հիշեցնենք, որ էկոպարեկային ծառայության պետն ու Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը բերման էին ենթարկվել Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործման գործի շրջանակում։

ArmLur.am-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 9-ի գիշերը նրանց տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Գիշերվա ընթացքում կայացված որոշմամբ՝ գործով անցնող ութ անձանցից մի քանիսն ազատ են արձակվել, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի և Սյունիքի էկոպարեկային ծառայության պետի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։

Մեղրիից մեզ փոխանցում են, որ էկոպարեկային ծառայության պետի ազատ արձակման պայմաններն ու պատճառները իրենց համար անհասկանալի են։ Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ նրա փոխարեն կալանավորվել է տեղակալը։

Միաժամանակ, Մեղրիից մեր աղբյուրները պնդում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շահագրգռված է ամեն գնով համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին քաղաքականապես չեզոքացնելու հարցում։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից առաջ Մեղրի էին այցելել երեք նախարարներ՝ Գևորգ Պապոյանը, Դավիթ Խուդաթյանը և Արսեն Թորոսյանը։ Նրանց հետ եղել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ըստ աղբյուրների՝ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում, սակայն, նրանց խոսքով, անհասկանալի է, թե դրանից հետո ինչ է փոխվել կամ ինչ հարցեր են քննարկվել ճանապարհին։

Ավելի ուշ, ըստ մեր աղբյուրների, Մեղրիում սկսել են շրջանառվել տեղեկություններ, որ ՔՊ-ի հավանական թեկնածուն կարող է լինել 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը, ինչն էլ և հաստատվեց։
Համայնքապետի ընտրություններին Սերգո Գալստյանը մասնակցելու է 14 համարի ներքո՝ գլխավորելով ՔՊ-ի ընտրացուցակը։ Կալանավորված գործող համայանքապետ Խաչատուր Անդրեասյանին ՔՊ-ով չեն գրանցել, իսկ այլ ցուցակով նա կտրականապես մերժել է մասնակցել։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգո Գալստյանի նկատմամբ ևս քրեական վարույթ կա։ Նրանց պնդմամբ՝ վերջինիս դեմ դատական գործընթաց էր նախաձեռնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ազգությամբ ռուս ղեկավարներից մեկը։




Լրահոս