Armenian text to speach

ԱԱԾ-ից՝ գյուղապետ, ՀԷՑ-ից` ԱԺ․ ՔՊ նորաթուխ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը մագիստրոսի նոր կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել ԱԺ ՔՊ խմբակցության նորաթուխ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի անցած ճանապարհը: Պարզվում է Գյուլնազարյանը վերջերս մագիստրատի կոչում է ստացել:

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծնված Լյուդվիգ Գյուլնազարյանի կենսագրությունն առաջին հայացքից բավական բազմազան է՝ ուժային կառույցից մինչև համայնքային իշխանություն, էներգետիկ համակարգ և վերջապես՝ խորհրդարան։

Գյուլնազարյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 8-ին։ 2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ պահեստազորի ավագ լեյտենանտի կոչումով։

2008 թվականին ավարտել է Ուկրաինայի Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը՝ ստանալով ֆինանսիստի մասնագիտություն։

Սակայն նրա մասնագիտական կենսագրության առավել ուշագրավ հատվածը սկսվում է Ազգային անվտանգության ծառայությունից։

2007-ից մինչև 2021 թվականը Գյուլնազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԱԾ սահմանապահ զորքերում և տնտեսական վարչությունում։

Մասնավորապես՝ աշխատել է «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնում՝ տրանսպորտային միջոցների զննման պետ, ապա «Բագրատաշեն» անցագրային կետում՝ փաստաթղթերի ձևակերպման հսկիչ, ԱԱԾ տնտեսական վարչությունում՝ հերթապահ պարետ, իսկ 2021 թվականին կրկին վերադարձել է «Զվարթնոց»՝ որպես հերթափոխի պետի տեղակալ։

Ու այստեղ կենսագրության հաջորդ շրջադարձն է հետաքրքիր։

2022-2023 թվականներին Գյուլնազարյանը եղել է Փարաքար համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, այնուհետև՝ համայնքի ղեկավար։ 2024-2025 թվականներին զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ 2025-2026 թվականներին եղել է ղեկավարի պաշտոնակատար։

Միաժամանակ Գյուլնազարյանը քաղաքական առումով եղել է ՔՊ-ի համակարգում․ 2021-2025 թվականներին՝ Փարաքար համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իսկ 2025-2026 թվականներին՝ խմբակցության ղեկավար։

Բայց այստեղ էլ կենսագրությունը չի ավարտվում։

Նույն՝ 2025-2026 թվականներին Գյուլնազարյանը աշխատել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» ՇԷՑ-ի պետի պաշտոնում։

Եվս մեկ ուշագրավ փաստ․ 2025 թվականին Գյուլնազարյանը ստացել է նոր մագիստրոսի որակավորում՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտությամբ։

Այսինքն՝ ֆինանսիստի կրթություն ունեցող, երկար տարիներ ԱԱԾ համակարգում աշխատած, ապա համայնքային պաշտոններ զբաղեցրած և ՀԷՑ-ում աշխատած պաշտոնյան 2025 թվականին նաև մագիստրոսի կոչում է ստացել «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» ուղղությամբ։

Իսկ արդեն 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Լյուդվիգ Գյուլնազարյանը դարձել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՔՊ համապետական ընտրական ցուցակով։

Հարց է առաջանում՝ ի՞նչ դեր է ունեցել այս բազմաշերտ կենսագրությունը նրա քաղաքական առաջխաղացման գործում։ ԱԱԾ-ում շուրջ մեկուկես տասնամյակ աշխատանքը, համայնքային կառավարման փորձը, ՔՊ-ի տեղական կառույցում գործունեությունն ու ՀԷՑ-ում աշխատանքը որքանո՞վ են կապվում նրա՝ իշխանական համակարգում առաջխաղացման հետ։

Մի բան, սակայն, փաստ է․ Լյուդվիգ Գյուլնազարյանը ՔՊ-ի հերթական նորաթուխ պատգամավորն է, որի կենսագրության մեջ ամենանշանակալի էջերից մեկը ԱԱԾ համակարգում շուրջ 14 տարվա աշխատանքն է, իսկ խորհրդարան հասնելուց առաջ նա հասցրել է անցնել նաև համայնքային կառավարման և պետական-մասնավոր ենթակառուցվածքային համակարգերի միջով։

Իսկ հիմա ԱԺ-ում դեռևս ՔՊ-ական պատգամավորը մի ելույթ չի ունեցել, պատգամավորական ակտիվություն չի ցուցաբերել, բայց առաջիկայում շատ բարձր աշխատավարձ է ստանալու, մոտ 1 ու կես միլիոն դրամ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս