Օդեսսայի հայերը հայտնվել են չհայտարարված պատերազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ուկրաինայի Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Արտյոմ Կառաջյանն անդրադառնալով Օդեսայում տիրող իրավիճակին կարծիք հայտնեց, որ ավելի լավ կլինի Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չխառնվեն կամ աջակցություն ցույց չտան Օդեսայի հայ համայնքի գործունեությանը:

Ուկրաինայում, փաստորեն, չհայտարարված պատերազմական իրավիճակ է, եւ մասնավորապես մայիսի 5-ին տեղեկություններ տարածվեցին, որ Oդեսայի Արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր մոտ 40 եւ ավելի մարդ:

Զոհվածներից ոմանք մահացել էին հրդեհի ժամանակ շինության պատուհանից ցած նետվելու հետեւանքով, մյուսները շնչահեղձ էին եղել ածխածնային գազից:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Արտյոմ Կառաջյանի հետ:

-Պարոն Կառաջյան, ինչպիսի իրավիճակ է Օդեսայի հայ համայնքում: Ինչպիսի՞ տրամադրություններն են գերիշխում՝ ռուսամետ, թե արեւմտամետ:

Միանշանակ չի կարելի ասել, թե որ տրամադրությունն է գերիշխում, քանի որ Օդեսայում ապրում է մոտ 40 հազար հայ եւ բոլորն ունեն տարբեր հայացքներ ու քաղաքական տրամադրություններ: Այսօր ամենակարեւոր փաստը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդում մեր հայ համայնքի վրա:

-Հայկական գործոնը օգտագործելու վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով, որ այս քաղաքական գործընթացներում հայ զոհեր ունեցանք` իրենց քաղաքական կողմնորոշման հետեւանքով:

-Չեմ կարծում, քանի որ մեր հայ համայնքը բավականին համախմբված է եւ ամեն ինչ կանենք, որ նման հարց չառաջանա:

-Հետաքրքիր է, ՀՀ իշխանությունները կամ, առհասարակ, Սփյուռքի նախախարությունն այս ընթացքում որեւէ աջակցություն, որեւէ քայլ կատարե՞լ է:

-Ճիշտն ասած, այսօրվա դրությամբ մենք դրա կարիքը չունենք, քանի որ նմանատիպ հարց բարձրացնելը Ուկրաինայի քաղաքական այս վիճակում աննպատակահարմար ենք համարում: Քանի որ, երբ Հայաստանն իր դիրքորոշումը ցույց տվեց Ուկրաինայի հանդեպ եւ ՄԱԿ-ում քվեարկեց հօգուտ Ռուսաստանի, դա լավ բանի չհանգեցրեց: 

Մենք նրանց լսում ենք ու հասկանում, բայց չենք ուզում նրանց դիրքորոշումը լինի հայ համայնքում, քանի որ կրկնում եմ՝ դա լավ բանի չի բերում: Հիմա հայկական իշխանությունները որքան հեռու մնան մեր համայնքի գործունեությունից, այնքան ավելի նպատակահարմար կլինի: Առանց այն էլ հասարակությունը կիսված է, մի մասը ռուսամետ է, մյուս մասը՝ ուկրաինամետ: Մենք ապրում ենք Ուկրաինայի տարածքում եւ մենք պետք է ամեն ինչ անենք հանուն Ուկրաինայի ծաղկման:

-Այս պայմաններում արդյոք մեր հայ բիզնեսմենների գործունեությունը չի՞ տուժում:

-Անկարգությունների ժամանակ փոքրիկ դեպքեր եղել են, խանութ կամ վաճառակետ տուժել է, բայց աննշան դեպքեր են եղել: Իսկ ընդհանուր առմամբ բիզնեսը` ոչ միայն հայերի, այլեւ ընդհանուրի բիզնեսը նորմալ վիճակում է:

-Ուկրաինայի պառակտման գործընթացը շարունակվում է: Դուք՝ որպես հայ համայնքի ղեկավար, մտավախություն չունե՞ք, որ հայ համայնքի միջեւ եւս խնդիրներ կառաջանան: Օրինակ՝ Դոնեցկի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանն այդ վտանգը տեսնում է:

-Ոչ, չեմ տեսնում: Պետք է նաեւ ասեմ, որ Դոնեցկի հայ համայնքի ղեկավարին ճանաչում եմ եւ խիստ քննադատաբար եմ մոտենում նրա հայտարարություններին, քանի որ համայնքի նախագահն իրավունք չունի որեւէ քաղաքական հայտարարություն անելու եւ, առհասարակ, կարծում եմ, որ համայնքի կարծիքը ոչ ոք իրավունք չունի արտահայտելու:

-Պատերազմի վտանգ կա՞:

-Չհայտարարված պատերազմ արդեն իսկ կա, բայց այդքան էլ սարսափելի վիճակ չէ, ինչպես ներկայացնում են: Քաղաքն ընդհանուր առմամբ նորմալ վիճակում է, չնայած կան տեղեր, որտեղ որոշակի անկար•ությունն են տեղի ունենում:

-Իսկ համայնքի հետ տարվո՞ւմ են համակարգման աշխատանքներ, որ միասնական մոտեցում լինի այս հարցում:

-Չնայած քաղաքական տարբեր հայացքների, կարողանում ենք ամեն ինչ անել ընդհանուր եզր գտնելու համար:

-Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունը բավականին բուռն կերպով եւ ոգեւորությամբ ընդունեց Ղրիմի անկախացումը: Ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ-ի արձագանքին:

-Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ կողմ չեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս