Գիշերօթիկի նախկին տնօրենի չարաշահումները` թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կայքում հրապարակվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տարեկան ֆինանսավորման վերաբերյալ տվյալներ:

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել, որով ներկայացնում էին հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը: 

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանը մեղադրվում էր  պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու մեջ:

Բաց նամակից հետո ակտիվորեն ստուգումներ ընթացան դպրոցում, որոնցից պարզ դարձավ, որ բաց նամակում նշված չարաշահումներն իրականում եղել են: Օրեր առաջ էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր այցելել դպրոց, ինչից հետո աշխատանքից ազատվեց գիշերօթիկի տնօրենը:

Պայմանագրով նախատեսված է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող գիշերօթիկ դպրոցը պետբյուջեից ստացել է 113.500.900 դրամ: Այդ գումարը տրամադրվում է երեխաների խնամքն իրականացնելու նպատակով: Ընդ որում, մեկ երեխայի հաշվարկով մատուցված ծառայության  մեկ օրվա գինը կազմում է 1173 դրամ:

Երեխաների խնամքի իրականացման նպատակով  հաստատուն ծախսերի գծով մատուցվող ծառայության դիմաց տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը կազմում է 89.734.700 դրամ: Բաց նամակում նշված էր, թե ներկայացված  են այնպիսի տվյալներ, որոնք ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Դրանցից մեկը վերաբերում է դպրոցի վերանորոգման ծախսերին կամ էքսկուրսիաների համար օգտագործված միջոցներին, որոնք նշված պայմանագրում մեծ թվերով են ներկայացված:

Օրինակ,  երեխաների ու աշխատողների համազգեստի ու հագուստի համար 5.100.000 դրամ է հատկացվել, երեխաների տարեկան սնունդն արժեցել է 23.766.200 դրամ: Շենքի վերանորոգման համար ծախսվել է 700.000 դրամ, մաքրող նյութերի համար` 1.020.000: Ավտոմեքենայի պահպանման ծախսերին հատկացվել են 268.000 դրամ, իսկ վառելիքին` 647,000 դրամ:

Հիշեցնենք նաև, որ մինչ վարչապետի այցն արդեն քրեական գործ էր հարուցվել դպրոցի չարաշահումները բացահայտելու համար:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս