Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց Հայաստանի համար կարևոր հետևանքներ ունեցող որոշմամբ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշեցին զրկել Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև սահմանափակել կազմակերպության ղեկավար պաշտոններում հայ ներկայացուցիչներ առաջադրելու հնարավորությունը։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Մոսկվայի գագաթնաժողովի արդյունքները, ռուսական պաշտոնյաների հայտարարությունները և այն ուղերձները, որոնք հնչեցին Հայաստանի հասցեին։
Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հաստատվել է Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։
«Հարցը բարձրացվել է, որոշում է կայացվել։ Առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,– ասել է Պեսկովը։
Ռուսական կողմը որոշումը հիմնավորում է նրանով, որ Հայաստանը երկու տարի շարունակ չի կատարել կազմակերպության բյուջեի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է, որ անդամ պետության ձայնի իրավունքը կարող է կասեցվել, եթե նրա պարտքը կազմակերպության բյուջեի նկատմամբ գերազանցում է երկու տարվա վճարները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց՝ ինչ պայմանով Հայաստանը կարող է վերականգնել մասնակցությունը
Գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը ներկայացրել է, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ կազմակերպությունում իր մասնակցությունը վերականգնելու համար։
Նրա խոսքով՝ հենց Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել նրա մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, այդ թվում՝ ՀԱՊԿ քարտուղարություն և Միացյալ շտաբ ներկայացուցիչներ ուղարկելու հնարավորությունը։
«Որոշումը Հայաստանի ղեկավարությանն է»,– հայտարարել է Մասադիկովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովի օրակարգում չի եղել։ Այսինքն՝ կազմակերպությունը չի քննարկել Հայաստանի անդամակցության դադարեցումը, այլ սահմանափակել է նրա իրավունքները՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու հիմքով։
Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի առաջ դուռը փակված չէ
Մոսկվայի գագաթնաժողովին նախորդած օրը՝ նոյեմբերի 10-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս անդրադարձել էր Հայաստանի անդամակցությանը։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պաշտոնապես դիմում չի ներկայացրել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու համար։
Լավրովի խոսքով՝ ՀԱՊԿ-ը մտադիր չէ փակել իր դռները Հայաստանի առաջ, և անգամ ձայնի իրավունքի կասեցման դեպքում Հայաստանը պահպանելու է Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կոլեկտիվ պաշտպանության իրավունքը։
Սակայն Լավրովը նաև հստակեցրել էր, որ քննարկվող սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ձայնի իրավունքին, այլև ՀԱՊԿ քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների նշանակմանը։
Այսպիսով, Մոսկվան մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում հեռացվել կազմակերպությունից, մյուս կողմից՝ փաստացի սահմանափակում է նրա մասնակցությունը որոշումների ընդունմանն ու կառավարման համակարգին։
Բելառուսի արտգործնախարարը Հայաստանին անվանեց «կեղծ դաշնակից»
Իսկ ամենակոշտ հայտարարություններից մեկը հնչել է արդեն նոյեմբերի 12-ի գիշերը։ Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին։
Նա կասկածի տակ է դրել, թե արդյոք Հայաստանին պետք է տրամադրվի կազմակերպության գաղտնի փաստաթղթերի ամբողջական հասանելիություն՝ Հայաստանին անվանելով «կեղծ դաշնակից»։
«Վստահ եմ, որ ընդհանուր առմամբ գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը կսահմանափակվի»,– ասել է Ռիժենկովը։
Նրա պնդմամբ՝ նման տեղեկատվությունը տեսականորեն կարող է օգտագործվել այն երկրների շահերի դեմ, որոնք ցանկանում են ՀԱՊԿ-ը զարգացնել որպես համերաշխության վրա հիմնված ինտեգրացիոն միավորում։
Բելառուսի արտգործնախարարը նաև քննադատել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին մասնակցության ձևաչափը՝ նշելով, որ Երևանը օգտվում է այդ կառույցների առավելություններից, այդ թվում՝ գազի և նավթի արտոնյալ գներից ու ապրանքների տեղափոխման հնարավորություններից, սակայն չի կատարում մյուս պարտավորությունները։
Նա, սակայն, ընդգծել է, որ իր քննադատությունը վերաբերում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշմանը, ոչ թե հայ ժողովրդին։
Ի՞նչ այլ որոշումներ ընդունվեցին Մոսկվայում
ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել են նաև կազմակերպության հետագա գործունեության և անվտանգության հարցերը։ Մասնակիցները հաստատել են ընդհանուր առմամբ 19 փաստաթուղթ՝ հռչակագիր և ևս 18 որոշում ու հայտարարություն։
Դրանց թվում են մինչև 2030 թվականը ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը, կազմակերպության հավաքական ավիացիոն ուժերի կատարելագործման, ռազմական ներուժի ամրապնդման, ինչպես նաև կենսաբանական անվտանգության հարցերով հետազոտությունների համակարգման վերաբերյալ որոշումները։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ ռազմական ներուժը՝ աջակցելով նաև հավաքական ավիացիոն ուժերի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին։
Գագաթնաժողովի ընթացքում որոշվել է նաև, որ հաջորդ տարի ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանից կփոխանցվի Տաջիկստանին։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին
Փաստացի, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն զրկվում է կազմակերպության որոշումների ընդունման գործընթացում ձայնի իրավունքից և ղեկավար պաշտոններում սեփական թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից։
Մոսկվայի և Մինսկի վերջին հայտարարություններում, բացի ֆինանսական պարտավորությունների հարցից, արդեն հնչում են նաև քաղաքական ու տնտեսական բնույթի քննադատություններ։ Գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը սահմանափակելու առաջարկը ևս նոր ազդակ է, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կոշտանում է։
Հատկանշական է, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ սպառված է։ Նա նաև ավելի վաղ նշել էր, որ ուրախ կլինի, եթե ՀԱՊԿ-ն ինքը որոշի հեռացնել Հայաստանին՝ այդպիսով ազատելով Երևանին անդամակցությունը դադարեցնելու երկընտրանքից։
Ինչպե՞ս կազդի ՀԱՊԿ-ի որոշումը Հայաստանի անվտանգության համակարգի վրա
Անվտանգային տեսանկյունից ՀԱՊԿ-ի որոշումը Հայաստանի համար ավելի շատ քաղաքական և ինստիտուցիոնալ նշանակություն ունի, քան անմիջական ռազմական։ Ձայնի իրավունքից զրկվելն ինքնին գործնականում էական փոփոխություն չի առաջացնի, քանի որ Հայաստանը վերջին տարիներին առանց այդ էլ չի մասնակցել կազմակերպության քննարկումներին և որոշումների ընդունմանը։
Սակայն այսուհետ Հայաստանը, օրինակ, չի կարողանա վետո կիրառել կազմակերպության որոշումների նկատմամբ, եթե ցանկանա վերադառնալ ակտիվ մասնակցության։ Կարևոր է ընդգծել, որ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներից օգտվելու Հայաստանի իրավական հնարավորությունը պահպանվում է, սակայն ներկայիս քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ իրավունքի գործնական կիրառելիությունը հարցականի տակ է։
Մյուս կողմից՝ Հայաստանի անվտանգության համակարգի համար խնդիրը շատ ավելի խորքային է։ Տարիներ շարունակ Ռուսաստանը եղել է Հայաստանի հիմնական ռազմական գործընկերը, իսկ ՀԱՊԿ անդամակցությունը անվտանգության այդ համակարգի կարևոր բաղադրիչներից էր։ Այժմ Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական համագործակցությունը՝ զարգացնելով հարաբերությունները Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ։
Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն. այլ երկրների հետ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, ռազմական համագործակցությունը և մասնագիտական վերապատրաստումները դեռևս չեն նշանակում, որ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ պաշտպանության երաշխիքներին համարժեք նոր անվտանգային պարտավորություններ։
Ամենամեծ ռիսկն այն է, որ Հայաստանի անվտանգային համակարգը կարող է հայտնվել անցումային փուլում․ հին գործընկերային մեխանիզմները կորցնում են իրենց գործնական նշանակությունը, իսկ նոր գործընկերությունները դեռևս չեն ապահովում նույն մակարդակի պարտավորություններ։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, սահմանային անվտանգության և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության տեսանկյունից։
Հեղինակ՝ Անի Վարդանյան























