Գործադիրը լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ հերթական նիստում հարցը ներկայացնելիս նշել է, որ Կառավարության որոշմամբ աշխարհի հեղինակավոր 50 համալսարաններում կրթություն ստացող և այդ հանգամանքի բերումով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց մասնագիտական ներուժն ու գիտելիքները ծառայեցնել մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում։
Օրենքում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ, ընդունվել են Կառավարության որոշումներ, և այս տարվա հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք ունեին տարկետում, ուսումնառությունն ավարտել էին, կարող էին դիմել նաև աշխատանքի անցնելու հարցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտներում ու պայմաններով։ Այս պահի դրությամբ այդ իրավունքն ունեցող շուրջ 40 քաղաքացուց 21-ը դիմել են։ Նշանակում է՝ առաջարկվող մոտեցումները կենսունակ էին և հնարավորություն էին տալիս, որ աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների մասնագիտական ներուժն օգտագործվի ամենատարբեր ոլորտներում։ Այս մասին նշել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ օրենքի որոշ դրույթներ լավարկման կարիք ունեն։
«Զինվորական ծառայության մասին» օրենքում զորակոչի սահմանված վերին շեմը 27 տարին է։ Այն պարագայում, երբ քաղաքացին ասպիրանտական կրթության ընթացքում է կամ մագիստրոսական կրթությունն ավարտում է 24 տարին լրացած տարիքում, ապա չի կարողանում դիմել աշխատանքի տարկետման հնարավորության համար, քանի որ դա պահանջում է երեք տարի ժամանակ։ Այսինքն՝ տարկետման վերին շեմը՝ 27 տարին, քաղաքացու համար դառնում էր խոչընդոտ։
Առաջարկվում է լրացում կատարել միայն այս խմբի քաղաքացիների համար՝ վերին շեմ սահմանելով 32 տարին։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ սա հնարավորություն կտա, որ կրթական տարբեր աստիճաններում իրենց կրթությունը ստացած քաղաքացիները լիարժեք ներգրավվեն այս քաղաքականության շրջանակում։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հարցը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։
Ընդդիմադիր պատգամավորները դեմ են արտահայտվել առաջարկվող կարգավորմանը, իսկ իշխող ուժը ներկայացնող խորհրդարանականների գնահատմամբ ուսումնառություն ստացած քաղաքացիներն իրենց մասնագիտական գիտելիքները կներդնեն երկրի կայուն զարգացման և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում։






















