Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վառելիքի ընդհանուր պահուստի ստեղծումը և համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը՝ պաշարները Ղազախստանի տարածքում բաշխելով, միության անդամ երկրներին կպաշտպանեն նոր ճգնաժամերից։ Այս մասին TASS-ի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման գծով տնօրեն, Ղրղզստան-Ղազախստան գործարար խորհրդի համանախագահ Կուբատ Ռահիմովը։
«Պաշարների ճիշտ և խելամիտ բաշխումը, օրինակ՝ Ղազախստանում, անվտանգության բարձիկ կդառնա նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք ռուսական վառելիքի հիմնական ներկրողներն են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ վառելիքի մատակարարումների հետ կապված ռիսկերը ընդհանուր են դարձել ամբողջ միության համար։ Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն լուծել իր խնդիրները։
Ռահիմովն առաջարկել է նաև քննարկել Կենտրոնական Ասիայում համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ լոգիստիկ տեսանկյունից նման նախագծի իրականացման համար առավել նպատակահարմար է Ղազախստանը։




























