Armenian text to speach

Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը մասնակցել է նոյեմբերի 20-22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացված ԴիջիԹեք 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի կրում էր «Աշխարհի նոր AI հանգույցը» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակում բանկը այցելուներին և տեխնոլոգիական համայնքին հնարավորություն է տվել արհեստական բանականության կիրառմամբ առաջարկել բանկային ոլորտի ապագայի իրենց պատկերացումները։

Այս տարի բանկի տաղավարում՝ AI Lab-ում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու և փորձարկելու արհեստական բանականության (ԱԲ) տարբեր լուծումներ, ինչպես նաև սեփական գաղափարներով ու առաջարկներով մասնակցելու բանկային ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը։ Ինտերակտիվ վահանակների միջոցով նրանք ընտրում էին իրենց հետաքրքրող ուղղությունը և առաջարկում, թե ինչպես ԱԲ-ն կարող է բարելավել բանկային ծառայությունները, զարգացնել հաճախորդների սպասարկումը, օպտիմալացնել աշխատանքային գործընթացներն ու բարձրացնել բանկի գործունեության արդյունավետությունը։

Այցելուները ներկայացրել են իրենց գաղափարներն ու առաջարկները՝ դիտարկելով ԱԲ-ի կիրառման հնարավորությունները չորս տարբեր տեսանկյուններից՝

– Որպես բանկի անհատ հաճախորդ․ ինչպես ԱԲ-ի միջոցով բանկային ծառայությունները դարձնել ավելի անհատականացված, պարզ և հարմարավետ։

– Որպես բիզնես հաճախորդ․ ինչպես ԱԲ լուծումները կարող են նպաստել բիզնեսի արդյունավետությանն ու զարգացմանը։

– Որպես բանկի գործընկեր․ ինչ նոր հնարավորություններ կարող է ԱԲ-ն ստեղծել համագործակցության և համատեղ նորարարությունների համար։

– Որպես բանկի աշխատակից․ ինչպես ԱԲ-ն կարող է բարելավել աշխատանքային գործընթացներն ու աջակցել որոշումների կայացմանը։

Արդշինբանկի AI Lab-ը դարձել է ոչ միայն տեխնոլոգիական լուծումների ներկայացման հարթակ, այլև երկխոսության միջավայր, որտեղ այցելուների փորձը, պատկերացումներն ու առաջարկները կարող են դառնալ ապագա նորարարությունների ձևավորման կարևոր բաղադրիչ։

«Մեզ համար թվայնացումը պարզապես նոր տեխնոլոգիաների ներդրում չէ։ Այն շարունակական գործընթաց է, որի նպատակը մարդկանց կյանքը հեշտացնելն է, հաճախորդների փորձառությունը բարելավելը և բանկի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելը։ Արհեստական բանականությունը բացում է նոր հնարավորություններ՝ վերանայելու բանկային ծառայությունների մատուցման, աշխատանքային գործընթացների կազմակերպման և հաճախորդների հետ փոխգործակցության ձևերը։

Մենք համոզված ենք, որ ապագայի բանկինգը պետք է կառուցվի ոչ միայն տեխնոլոգիական հնարավորությունների, այլև մարդկանց իրական կարիքների ու սպասումների հիման վրա։ Հենց այդ պատճառով էլ ԴիջիԹեք 2026-ին որոշեցինք ստեղծել մասնակցային հարթակ, որտեղ մեր հաճախորդները, գործընկերները, աշխատակիցներն ու տեխնոլոգիական համայնքը կարող են կիսվել իրենց գաղափարներով և անմիջականորեն մասնակցել ապագայի լուծումների նախագծմանը»,-նշեց Արդշինբանկի վարչության անդամ, թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։

ԴիջիԹեք-ի շրջանակում Երևանի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող Արդշինբանկի IT-հաբում հյուրընկալվել են Amazon Web Services (AWS)-ի ներկայացուցիչները։ AWS ընկերության կորպորատիվ տեխնոլոգիաների փորձագետ Մատիաս Ունդուրագայի և AWS-ի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների զարգացման արդի միտումները, դրանց գործնական կիրառությունը և ազդեցությունը ծրագրային ապահովման մշակման գործընթացների վրա։

Արդշինբանկի տեխնոլոգիական թիմերը AWS-ի մասնագետների հետ մտքեր են փոխանակել նաև ոլորտի նոր զարգացումների և դրանց գործնական կիրառման հնարավորությունների շուրջ։ 

ԴիջիԹեք-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է, որը տարիներ շարունակ համախմբում է միջազգային ընկերություններին, ոլորտի առաջատար մասնագետներին և նորարարական համայնքին՝ ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու նորարարությունները։ Այս տարի միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականությանը, դրա զարգացմանը և տարբեր ոլորտներում կիրառման հնարավորություններին։ Միջոցառմանը մասնակցել են նաև համաշխարհային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների՝ NVIDIA-ի, OpenAI-ի, AWS-ի, Dell-ի, Schneider Electric-ի և Mozilla-ի ներկայացուցիչները։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Մամուլի Տեսություն

Լրահոս