Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ակնհայտորեն ուրախ է խորհրդարան կրկին վերադառնալու համար: Նա դա չի էլ թաքցնում, սակայն, վերջինս, առաջին անգամը չէ, որ զբաղեցնում է խմբակցության քարտուղարի պաշտոնը:
Նա ծնվել է 1960թ. հունվարի 1-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ, իրավաբան է: Ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, 1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ստացվում է, որ ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է ծառայության:
Աշխատանքային գործունեությունն էլ սկսել է 1983թ-ից: 1985-1986թթ. աշխատել է Բերդի սովխոզում` բանվոր, 1986-1989թթ.` Տավուշի շրջանի ագրոարդում` վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ, 1989-1991թթ.` ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:
Պատգամավորական գործունեությունն էլ սկսել է 1999թ.` ԱԺ պատգամավոր ընտրվելով թիվ 74 ընտրատարածքից: Այդ ժամանակ եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և «Միասնություն» խմբակցության անդամ: Արդեն 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից: Եղել է նույն հանձնաժողովի անդամ և զբաղեցրել նաև ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը:
2008թ. հուլիսի 3-ին էլ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Նախորդ գումարման Ազգային Ժողովում նրան չհաջողվեց կրկին պատգամավոր ընտրվել: Այդպիսի հնարավորություն նա ստացավ միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ նախկին պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանի և Դավիթ Հարությունյանի` Կառավարությունում աշխատանքի անցնելուց հետո պատգամավորական տեղեր էին թափուր մնացել. որոնք էլ զբաղեցրեցին ցուցակի հերթական պատգամավորները, որոնց թվում էր նաև Գ. Մելիքյանը:
Արդեն խմբակցության նախկին քարտուղար Հովհաննես Սահակյանի` Դավիթ Հարությունյանի փոխարեն պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո խմբակցության քարտուղարի պաշտոնը թափուր մնաց: ՀՀԿ-ն որոշում կայացրեց այն վստահել Մելիքյանին, ով լավ ծանոթ է այդ աշխատանքին: Դեռ նորմալ խորհրդարան չվերադարձած` նա արդեն խմբակցության քարտուղար է: