Մայիսի 29-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ասմունքող Լիանա Զուրաբյանը «Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես» խորագրով հանդիսատեսին կներկայացնի սիրո, հայրենիքի և մոր թեմայով բանաստեղծություններ Հովհաննես Շիրազից:
Բացի ասմունքից` կհնչեն նաև երգեր` գրված պոետի խոսքերի հիման վրա: Արվեստագետը խոստովանում է. «Միշտ Շիրազի գործերը ներկայացրել եմ այլ բանաստեղծների գործերն ասմունքելուց հետո, բայց այս անգամ որոշել եմ ամբողջ երեկոյի ընթացքում արվեստասեր հանրությանը միայն Շիրազի գործերը ներկայացնել»:
Մեր զրուցակցի խոսքով` տոմսերի վաճառքը ցույց է տալիս, որ առայժմ Շիրազի պոեզիայով հետաքրքրվողները տարիքով մարդիկ են: «Երիտասարդներն ավելի շատ տարված են Պարույր Սևակի պոեզիայով: Ցանկալի կլինի, որ Շիրազի գործերը սիրեն նաև երիտասարդները: Կարծում եմ` ակտիվ քարոզչությունը սրան չի խանգարի»,- մանրամասնեց Լիանա Զուրաբյանը:
Ժամանակին Շիրազի գործերը հրաշալի կերպով ասմունքում էր Վլադիմիր Աբաջյանը, ով Լիանա Զուրաբյանի ուսուցիչն է եղել: Հետաքրքիր է` կփորձի՞ Լիանան Շիրազի գործերն այնպես մատուցել, որ գերազանցի իր ուսուցչին: «Նման խնդիր չեմ դրել իմ առաջ, պարզապես ասմունքում եմ այնպիսի գործեր, որոնք հոգեհարազատ են ինձ: Այնուամենայնիվ, կփորձեմ Շիրազին նոր ու թարմ հայացքով ներկայացնել»,- եզրափակեց արվեստագետը:
Սոնա Դավթյան