«Մեր դատավորներն ի վիճակի չեն աղմկահարույց դեպքերում խափանման միջոց ընտրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ միջնորդությամբ այն մասին, որ իր վստահորդի խափանման միջոցը պետք է փոխվի:

Սակայն դատարանը չբավարարեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է խուսափել քննությունից: Այս հանգամանքը վրդովվեցրեց փաստաբանին, նա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` խնդրելով դատարանին իրեն ժամանակ տրամադրել, սակայն միջնորդությունը կրկին մերժվեց, և փաստաբանը լքեց նիստերի դահլիճը:

Armlur.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ դատավորը Վոլոդյա Ավետիսյանին շարունակաբար կալանքի տակ էր պահում միայն այն հիմքով, որ ազատության մեջ մնալով` կարող է խոչընդոտել քննությանը` ազդելով վկաների վրա: Իսկ այժմ, Ա. Զաքարյանի խոսքերով, երբ բոլոր վկաները հարցաքննված են՝  խոչընդոտելու վտանգ որպես այդպիսին այլևս չի կարող լինել:

«Ես կարող եմ ասել մի բան, որ կալանքի հետ կապված գործերում մեր դատավորներն ընդհանրապես ունակ չեն արդարադատություն իրականացնելու` առավել ևս հնչեղություն ունեցած գործերով: Սա դրա վառ ապացույցն է, և մինչև ե՞րբ այդ կամայականությունները պետք է շարունակվեն»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը:

Վերջինս մեզ հայտնեց, որ ինքնաբացարկը հարցի լուծման ձևերից մեկը կարող է լինել և նման երևույթների դեմ պայքարել է պետք, այլ ոչ թե ապօրինի որոշումների:

Անդրադառնալով դատավորի` իր միջնորդությունը ինքնաբացարկի հետ կապված չբավարարելուն, Արա Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ դատավորը իրավական գիտելիքներից շատ հեռու է, քանի որ եթե կողմը ցանկություն է հայտնել ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գալու, ապա դատարանը պարտավոր է անհապաղ բոլոր հնարավորությունները տրամադրելու, որպեսզի կողմը պատշաճ ձևով ներկայացնի իր միջնորդությունը:

«Եթե դրա համար կողմը ողջամիտ ժամանակ է խնդրում դրա համար, դատավորը պարտավոր է ընձեռել այդ հնարավորությունը: Եթե թողնեին դատավորի ցանկությանը, դատավորն ուզում էր նիստը շարունակել, ու երբ իմ բացարկը պատրաստ լիներ, էն ժամանակ էլ կհայտնեի»,- պարզաբանեց Արա Զաքարյանը:

Հենց սա էլ, փաստաբանի փոխանցմամբ, ստիպում է իրեն ևս մեկ անգամ լքել դատարանի դահլիճը, որպեսզի կարողանա իր իրավունքները մինչև վերջ պաշտպանել:

Այսպիսով, Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ինքնաբացարկը հանգել է դատավորի կողմնակալությունից: Զաքարյանը համոզված է, որ դատավորը ոչ մի կերպ չի ուզում Վոլոդյա Ավետիսյանին ազատել, և դրա հետևանքով պատրաստ է ցանկացած անհեթեթ փաստարկներ բերելու` թե օրենքը, թե միջազգային պարտավորություններն ստանձնած Հայաստանի Հանրապետության օրենքները և թե Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ:

«Ամեն ինչ անտեսում են, միայն թե Վոլոդյա Ավետիսյանին պահեն կալանքի տակ: Իսկ դա խոսում է այն մասին, որ դատավորը անկախ և անաչառ չէ: Ինչպե՞ս կարելի է այսպիսի դատավորից ակնկալել արդարադատության կայացում, այն էլ` այս գործով»,- եզրափակեց Արա Զաքարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս