Armenian text to speach

Ազատամարտիկ Հեբոն՝ Գառնիկ Խչեյանը, այսօր կդառնար 70 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան ազատամարտի մասնակից, Վարդենիսի «Վարդենիս» կամավորական ջոկատի հիմնադիր Գառնիկ Մուկուչի Խչեյանը՝ բոլորին առավել հայտնի Հեբո անունով, հոկտեմբերի 18-ին կդառնար 70 տարեկան։ Նրա կյանքն ու անցած մարտական ուղին հայրենիքին նվիրվածության, անձնազոհության և հայրենասիրության պատմություն են, իսկ անունը մինչ օրս պահպանվում է մարտական ընկերների, հարազատների ու նրան ճանաչողների հիշողություններում։

Գառնիկ Խչեյանը ծնվել է 1956 թվականին՝ Վարդենիսում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում, ապա վերադարձել հայրենի քաղաք։ Տարիների ընթացքում աշխատել է տարբեր ոլորտներում, իսկ 1988 թվականից անմիջականորեն ներգրավվել Արցախյան շարժմանն ու հայրենիքի պաշտպանության գործին։

Երբ Արցախում և Վարդենիսի սահմաններում իրավիճակը լարվեց, Հեբոն իր նախաձեռնությամբ ստեղծեց «Վարդենիս» կամավորական ջոկատը՝ ստանձնելով հայրենի բնակավայրի պաշտպանության պատասխանատվությունը։ 1991-1993 թվականներին նա ակտիվորեն մասնակցել է Վարդենիսի սահմաններում և Արցախում ծավալված պաշտպանական գործողություններին։ Նրա ղեկավարած ջոկատը մասնակցել է Զարքենդի, Ազիզլուի և Վերին Շորժայի ինքնապաշտպանությանը։

Հեբոյի մարտական ուղին կապված է նաև Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի՝ Ներքին Հոռաթաղի, Վերին Հոռաթաղի, Հաթերքի և Սեյսուլանի ազատագրման պայքարի հետ։ 1993 թվականին նա մասնակցել է Քարվաճառի ազատագրման ռազմական գործողություններին, իսկ 1994 թվականի հունվարի 2-ից՝ Օմարի լեռնանցքի ազատագրման մարտերին։

Քարվաճառի ազատագրման գործողության նախապատրաստական աշխատանքների մասին ArmLur.am-ի հետ զրույցում հուզիչ հիշողություններով է կիսվել նրա որդին՝ Արմեն Խչեյանը։ Այդ ժամանակ նա ընդամենը տասը տարեկան էր, սակայն ընտանեկան տան պատերի ներսում տեղի ունեցած իրադարձությունները մինչև այսօր վառ են հիշում։

«Պապան, Խաչատուրովը ու էլի զինվորականների հետ եկել էին մեր տուն, մամայից սուրճ խնդրեցին։ Մաման պատրաստեց բերեց ու ասացին դուրս եկեք։ Հետո, երբ արդեն քննարկեցին, ավարտեցին դուրս գալիս Խաչատուրովը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ Քարվաճառում, ասում են, տաք ջուր կա, մաման հաստատեց։ Խաչատուրովն էլ ասաց՝ դե կփորձենք։ Հետո, երբ պապան գնաց, մենք իմացանք, որ Քարվաճառի ազատագրման պլանն էին գծում»,- ArmLur.am-ին պատմել է Արմեն Խչեյանը։

Հեբոյի՝ հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրվածության մասին է վկայում նաև որդու մեկ այլ հիշողություն։ 1992 թվականի հուլիսի 23-ին՝ դստեր ծննդյան օրը, Գառնիկ Խչեյանը տուն չի վերադարձել։ Ընտանիքի համար կարևոր այդ օրը նա շարունակել է մնալ մարտական դիրքերում՝ առաջնահերթ համարելով հայրենիքի պաշտպանության ու ազատագրման գործը։

Հեբոյի գործունեությունը, սակայն, չի սահմանափակվել միայն մարտական գործողություններով։ Նա աջակցել է Արցախի բնակչությանը, ներդրումներ կատարել Արցախի պաշտպանությանն ուղղված օգնության հիմնադրամում և բարեգործական նախաձեռնություններ կազմակերպել՝ պարենամթերք տրամադրելով դժվարությունների մեջ հայտնված բնակիչներին։

Մասնակցել է նաև հայկական բանակի կազմավորմանը։ 1993 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանով նշանակվել է Զոդի ուղեկալի պետ, իսկ 1994 թվականին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով՝ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ։

Գառնիկ Խչեյանի ծառայությունն ու նվիրումը գնահատվել են պետական պարգևներով։ Նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» կրծքանշանով և մի շարք հուշամեդալներով։ Մարտական ընկերների ու նրան ճանաչողների համար Հեբոն եղել է այն մարդկանցից, որոնք պատրաստ էին ստանձնել ամենավտանգավոր առաջադրանքներն ու լինել մարտի ամենաթեժ կետերում։

Հեբոյի կենսագրությունն ու հարազատների հիշողությունները միավորում են նրա կյանքի երկու կարևոր կողմերը՝ հայրենիքի պաշտպանության համար պայքարող ազատամարտիկին և ընտանիքի այն անդամին, որի բացակայությունն ու հիշատակը շարունակում են ապրել հարազատների սրտերում։ Նրա անցած ճանապարհը վկայում է, որ հայրենիքի հանդեպ նվիրումը դրսևորվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև մարդկանց օգնելու, պատասխանատվություն ստանձնելու և սեփական գործով օրինակ ծառայելու մեջ։

Հատկանշական է, որ Հեբոյի հիշատակը Վարդենիսում արժևորվել է նաև բոլորովին վերջերս։ Ընդամենը ամիսներ առաջ՝ հուլիսի 4-ին, քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի անունով՝ դառնալով նրա հիշատակը հաջորդ սերունդներին փոխանցելու ևս մեկ խորհրդանիշ։




Լրահոս