Իշխող Հանրապետական կուսակցության համագումարին ներկա էր նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինս իր ներկայությունը ՀՀԿ 15-րդ համագումարին մեկնաբանեց հետևյալ կերպ. «Օրհնում եմ»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ չնայած արքեպիսկոպոսը պարբերաբար աղոթում է ՀՀԿ-ի համար, բայց կուսակցությունն այդպես էլ հաջողություններ չի գրանցում, Կճոյանը պատասխանեց. «Ես աղոթում եմ նաև Ձեզ համար, նույնիսկ ձեզ համար, որովհետև դուք փորձում եք ինքնադրսևորվել այլոց հաշվին: Խնդիր չեք բարձրացնում… Խնդիրները վերհանեք, բամբասանքով եք զբաղվում: Դուք չեք աղոթում ջերմեռանդորեն, եթե հավատք ունենաք կօգնի, եթե ոչ, չէ: Բոլոր մարդկանց համար եմ ասում»:
Ինչ վերաբերվում է իր անունը ՀՀԿ-ի անվան հետ կապելուն, Կճոյանը պարզաբանեց, որ ինքը չի կարող դառնալ ՀՀԿ անդամ, քանի որ արդեն Էջմիածնի միաբանության անդամ է:
Լրագրողները արքեպիսկոպոս Կճոյանից հետաքրքրվեցին նաև, թե հնարավոր է Հ. Աբրահամյանի հետ էլ նույնքան մտերիմ հարաբերություններ ունի, որքան ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի, ում հետ կապված օֆշորային սկանդալում շրջանառվում էր նաև իր անունը, Կճոյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը, որդին՝ Արգամը, Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերանորոգել են Մխչյան գյուղում, ինքը կառուցում է Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցին, որի օծումը դեռ չի եղել, ի՞նչ պիտի ասեմ ես, միայն դրական»:
Իսկ օֆշորային սկանդալի թեման արքեպիսկոպոս Կճոյանն իր համար փակված թեմա է համարում: «Օֆշորային պատմությամբ ես չեմ զբաղվում, իրավապահներն են զբաղվում: Ինձ համար այդ թեման միշտ փակված է եղել, որովհետև ես օֆշորային սկանդալի հետ կապ չունեմ: Այ ձեզ համար այդ թեման փակված չէ՝ ինչո՞ւ, պատասխանը դուք կիմանաք: Քանի անգամ կարելի է նույն բանը ասել, դուք փնտրում եք սենսացիաներ, ճիշտը չեք ուզում իմանալ, որ ասում եմ՝ չեք ուզում լսել: Դուք ճշմարտություն չեք փնտրում, սենսացիաներ եք փնտրում»,- եզրափակեց արքեպիսկոպոսը: