Ռիտա Միրզոյանն այն սպիտակցիներից է, որոնք 88-ին, մարդկային անդառնալի կորուստներից բացի, կորցրեցին նաեւ բնակարանները, սակայն մինչ օրս տնակներում են ապրում: 82-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ կնոջ համար հատկապես դշվար է ձմռանը: «Ջուրը տաքացնում եմ, գրելկեն դնում ոտներիս տակ, մտնում եմ տեղիս մեջը, սթրվում եմ, ինչ անեմ»,-ասում է Ռիտա տատն ու հիշում, որ բնակարան ստանալու հերթացուցակում վաղուց է գրանցվել, սակայն իշխանություններին այլեւս չի հավատում. «Ես հլա էն վախտ, որ անունը չէր ելել, որ առաջ պետականներին պտի տան, հետո սեփականներին, ես էն ժամանակ եմ դիմումը տվել: Ով որ փող ա տալիս իրանց, նրանն էլ անում են էլի երեւի, ինչ իմանամ: Որ պտի անտեղի գնամ հասնեմ քաղսովետ, ու դուռը երեսիս ետ անեն, ինչի՞ գնամ, մինչեւ հերթը հասնի, մեռած կըլնեմ»:
2010թ-ի հոկտեմբերի 5-ից բնակարանների բաշխման հարցերով հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն` 79 ընտանիքներ զրկվեցին բնակարան ստանալու իրավունքից: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Սպիտակի ներկայացուցչությունն ուսումնասիրել է շուրջ 180 որոշում, առանձնացրել 50-ը, որոնք, ըստ իրենց, կայացվել են ոչ իրավաչափ: 18 գործեր վիճարկել են դատարանում, սակայն մարդկանց մի մասը հույսը կորցրել է եւ հրաժարվել պայքարելուց:
Իրավաբան Արթուր Հարությունյանն ասում է, որ այս հարցում մեղքի զգալի բաժին ունի Սպիտակի քաղաքապետարանը: Կառավարության 1024 որոշմամբ հաշվառվելու վերջնաժամկետ սահմանվեց 2008-ի դեկտեմբերի 1-ը. «Մենք ունենք քաղաքացիների մի ստվար զանգված, որ մինչ այդ եղել են հաշվառված, սակայն քաղաքապետի կողմից 2004-2005թթ. որոշումներ են կայացվել տարբեր պատճառաբանություններով այդ ընտանիքներին հերթացուցակից հանելու մասին, ընդ որում, այդ որոշումների մի մասն իրավաչափ չէ, այսինքն` կայացվել է որոշում այն հիմնավորմամբ, որ օրենքով նախատեսված չէ: Այդ մասին չի ծանուցվել քաղաքացիներին, իսկ քաղաքացիները նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեին, քանի որ հաշվառված էին հերթացուցակում: Ստացվում է պարադոքսային իրավիճակ: Քաղաքացին դիմում է, ասում է` ես չգիտեի, որ դու որոշում ես կայացրել: Հիմա այդ հանգամանքը վերացել է, խնդրում ենք հաշվառել հերթացուցակում: Համայնքի ղեկավարը պատասխանում է, որ ինքը դեկտեմբերի 1-ից հետո այլեւս որոշում կայացնելու իրավունք չունի»:
Նույն խնդիրն առկա է նաեւ գյուղական համայնքներում: Կազմակերպության կողմից դիմում-ուղերձ է ուղարկվել նաեւ քաղաքաշինության նախարարություն, սակայն այս դեպքում էլ համայնքի ղեկավարը չի կարողանում հերթացուցակում վերականգնել անունը, նախարարությունն էլ նման լիազորություն չունի, թեեւ քաղաքացին արդեն վերացրել է այն հիմքը, որով դուրս էր մնացել, սահմանված կարգի դիմումն էլ ներկայացրել է մինչեւ 2008-ի նոյեմբերի 1-ը:
Իրավաբանի ներկայացմամբ` մյուս խումբն արդեն հանձնաժողովի կողմից կայացված որոշումներն են. «Առաջինը բնակարանային պայմանների բարելավման հիմքով հերթացուցակից դուրս թողնելն էր: Հանձնաժողովը գտնում է, որ եթե ընտանիքի 1 անդամի բնակարանային պայմանները ներկայումս բարելավվել են, ապա ընտանիքի մյուս անդամները պետք է զրկվեն բնակարան ստանալու իրավունքից, սակայն որեւէ իրավական հիմք չկա նման որոշման համար: Դատական նիստերում նախարարության ներկայացուցիչը դա հիմնավորում էր այն փաստարկով, որ պետությունը հնարավորություն չունի բոլորին ապահովել բնակարաններով, բայց մեզ մոտ վիճակն այսպիսին էր. Սպիտակի Վարպետաց թաղամասում ցուցակների թվով կառուցվեցին բնակարաններ, բայց բնակարանները բաշխելու ժամանակ որոշվեց` ընտանիքն իրավունք ունի, թե ոչ: Կառուցվեցին ավելի շատ բնակարաններ, քան դրա իրավունքն ունեին: Դրանք հատկացվեցին ծնողազուրկ երեխաներին, արցախյան պատերազմի մասնակիցներին»:
Մյուս խնդիրն էլ այն է, որ 16 ընտանիքների տնակներ փորձագիտական մարմնի որոշմամբ թեեւ համարվել են որպես ժամանակավոր կացարաններ, բայց քանի որ դրանք կադաստրի կողմից գրանցվել են որպես բնակելի տներ, իսկ վարչական մարմնի գրանցումները կասկածի տակ դնելու իրավունք չկա, քանի դեռ դրանք չեն վիճարկվել, այս քաղաքացիները եւս կմնան առանց բնակարանների: Այս հարցով 6 գործ է ներկայացված դատարանում, որոնցից 2-ի դեպքում գրանցումը կատարվել է Սպիտակի քաղաքապետի որոշմամբ, մյուս 2-ի դեպքում` միայն կադաստրի, վերջին 2-ը նախկին բնակարանային ֆոնդի տներ են, որոնք երկրաշարժից հետո կառուցվել են որպես ժամանակավոր, սակայն գրանցվել են որպես հիմնական:
Վանաձոր