Կարկուտն ավերել է Լոռու մարզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի  24-ին և 25-ին ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Կարկուտի հետևանքով տուժել են Լոռու մարզի մի շարք համայնքներ` Մեծամորը, Դսեղը, Ստեփանավանը, Լեռնահովիտը, քիչ, բայց նաև` Շենավանը: 

Armlur.am-ի  hետ զրույցում Լեռնահովիտ համայնքի ղեկավար Արշակ Վելիցյանն ասաց, որ գյուղացիները  շվարած վիճակում են.  կարտոֆիլի բերքի մեծ մասը կորցրել են,  վնասվել է նաև հացահատիկի բերքը: «Ոչ մի բան  էլ չմնաց կարկուտի պատճառով»,-ասաց համայնքի ղեկավարը:

Լեռնահովիտ համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կարկուտի հետևանքով  գյուղացիները 12 գլուխ անասուն են կորցրել. «Այնքան ուժեղ եկավ կարկուտը, որ չհասցրին անգամ տուն մտնել»:

Կարկուտի հետևանքով գյուղացիների  բնակարանները ևս վնասվել են. կոտրվել են ապակիները, որը  փաստի առաջ  է կանգնեցրել  համայնքի բնակիչներին:

Կարկուտն անակնկալի է բերել նաև Շենավան համայնքի  բնակիչներին:  Թեև ի տարբերություն մյուս  համայքների, Շենավանի  բնակիչների  բնակարաններն ու անասունները չեն  վնասվել, սակայն   մայիսի 24-ին տեղեկացած կարկուտի հետևանքով պտղատու ծառերն են վնասվել:
Համայնքում գյուղացիների հիմնական զբաղմունքը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Շենավանի համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը,  տնամերձ հողերի մշակությունն  ու անասնապահությունն է:

Ինչպես  շատ  համայնքներում, այնպես էլ  Շենավանում խնդիրները հիմնականում նույնն են` միջհամայնքային ճանապարհների վատ վիճակը, խմելու ջրի խնդիրը, որը հատկապես ակտուալ է դառնում ձմռանը, երբ սառչում  են  ջրի   խողովակներն ու գյուղացիներին կանգնեցնում փաստի առաջ: 

Մյուս խնդիրը, որը մտահոգում է համայքնի ղեկավարին, գյուղացիներին  գյուղտեխնիկայով  ապահովելու  հարցն է ու արտագաղթի խնդիրն է:  «Եթե գյուղտեխնիկա չի լինում, գյուղացին  հողից  կտրվում է»:

Ինչ վերաբերում է արտագաղթի խնդրին, համայնքի ղեկավարի խոսքով` եթե  երկրում վիճակն այսպես շարունակվի, համայնքը կդատարկվի:

Սոնա Դավթյան




Լրահոս