Պետք է տնտեսություն լինի, որ ստվեր լինի. Արագած Ախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ստվերը մոտավորապես 20-30 տոկոս է, և դա մեր երկրի համար շատ է: Վարչապետը նաև  հայտարարել էր, որ կա ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն:

Armlur.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Արագած Ախոյանից հետաքրքրվեց`  ստվերը որքան է կազմում նրա բիզնես գործունեության մեջ:

Վերջինս նախ ասաց, որ Հայաստանում կա ստվեր, բայց` ոչ 20-30 տոկոսով: «Թե ինչքան է ստվերը, չեմ կարող ասել, քանի որ թվեր չունեմ, բայց  չեմ կարծում` այդքան մեծ լինի: Պետք  է մեզ մոտ տնտեսություն լինի, որ ստվեր լինի»,- մանրամասնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է իր` բիզնեսմեն լինելուն, պատգամավորը սկզբում հերքեց բիզնես գործունեությամբ զբաղվելը, բայց երբ իրեն հիշեցրինք իր հարցազրույցներից մեկը, որտեղ նա իրեն համարել էր և´ ռոմանտիկ նկարիչ, և´ ռոմանտիկ բիզնեսմեն, պատգամավորն այպես արձագանքեց. «Բիզնեսով զբաղվելն անբարոյականություն չէ: Եթե կարծում եք, որ դա հակասահմանադրական է, եկեք «աբիզատելնին» անեք, հետո «պակազատելնին»:

Էսօր բիզնեսով զբաղվելը կամ կողքից հետևելը կամ բիզնեսը մեկ ուրիշի կառավարմանը հանձնելը հանցագործություն է համարվում` համեմատած այն արատավոր բարքերի, որ գոյություն ունեն, կամ` դեռևս չկայացած ոլորտների»:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը  2001-2002թթ. եղել է «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, 2003-2004թթ.` «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.`  «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետև` նախագահ: 

Սոնա Դավթյան

 




Լրահոս