Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, ով հայտնեց, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում Էրեբունի ՔԿ հիմնարկի պահպանության բաժնի պետ Էդիկ Բախշյանը և ՔԿ վարչության քննչականի պետ ներկայացած ոմն Զորիկ այցելել են Արմենիա ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է դատապարտյալը, և հարձակվել են նրանց վրա:
«Հարձակվեցին մեզ վրա տարբեր սպառնալիքներով: Ամուսնուս ստիպում էին, որ դիմում գրի և հրաժարվի բուժումից, որպեսզի նրան տեղափոխեն գաղութ: Այս ամենի պատճառը այն էր, որ մայիսի 26-ին համացանցով բաց նամակ էինք ուղարկել ՀՀ նախագահին:
Մեզ սպառնում էին վնասել, եթե մի անգամ էլ նամակ գրենք նախագահին: Ասում էին` քո խոսալը մեր վրա չեպե ա»,- պատմեց դատապարտյալի կինը` միաժամանակ նշելով, որ այդ դեպքից հետո Արտակ Հակոբյանը հոգեվարքի մեջ է ընկել, իսկ այժմ ծայրահեղ ծանր վիճակում է:
Կարինե Հակոբյանը հայտնեց նաև, որ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
«Դիմում խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջապես միջամտի վերջ տալ օրինախախտ պաշտոնյաների գործունեությանը»,- ասաց Արթիկ ՔԿՀ դատապարտյալի կինը:
Տաթև Հարությունյան