Ազգային Ժողովի` 1974թ.-ից հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին` պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և իրենց նկատմամբ պահումներ չկիրառել:
Armlur.am-ը փորձեց հանրապետական պատգամավորներից ճշտել, թե արդյոք իրենք ցանկություն ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, թե ոչ:
ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ դեռ չի մտածել այդ մասին: «Մինչև սեպտեմբեր դեռ ժամանակ կա, մինչև Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված նոր օրինագիծ ներկայացվի: Ես ամեն դեպքում մինչև սեպտեմբերի 30 կսպասեմ, նոր դրանից հետո որոշում կկայացնեմ», – պարզաբանեց նա:
Մեր այն հարցին, թե առհասարակ արդյոք պատգամավորը կո՞ղմ է, որ իր աշխատավարձից պահումներ կատարվեն` պատգամավորը նշեց. «Ես այդ բարեփոխմանը կողմ եմ արտահայտվել, քանի որ այն կարևոր է: Պարզ է, որ որևէ մեկի համար հաճելի չէ, որ իր գումարները պահվում են: Ամեն դեպքում նպատակը ինչի համար պահվում է` կարևոր է: Նպատակը, որ կենսաթոշակի հասնելու տարիքի ժամանակ ունենաս արժանապատիվ կյանք», – ընդգծեց նա:
Լ. Մարտիրոսյանը նաև հավելեց, որ իր վրա դեռևս լուրջ կերպով այդ պահումների կատարումն ազդեցություն չի ունենում, և նշեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի սեպտեմբերին: Իսկ այն հարցին, թե արդյոք պատգամավորը տեղեկություն ունի իր գործընկերների մտադրությունների մասին, նա նշեց.
«Ես գիտեմ, որ Ազգային Ժողովի աշխատակազմում աշխատող բազմաթիվ երիտասարդներ դժգոհություն են հայտնել ժամանակին, ինչ-որ նամակներ են գրել: Միգուցե հիմա նաև դիմումներ գրեն, որ իրենցը չպահեն: Ամեն դեպքում դրանք ժամանակավոր լուծումներ են: Դեռ ժամանակ կա և ճիշտ կլինի սպասել», – հավելեց նա:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորների վրա, որից 10-ը ԲՀԿ-ականներ են, մյուսները հանրապետականներ, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը և նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը:
ԲՀԿ խմբակցությունից դիմում գրել պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոսյանն ու Դավիթ Քոչարյանը: