ՀՀ նախարարների թվում ամենաերիտասարդն ու թերևս անփորձը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն է, ով այդ պաշտոնում փոխարինեց Յուրի Վարդանյանին: Մինչ այդ Ղազարյանը զբաղեցնում էր ՀԱՕԿ սպորտվարչության պետի պաշտոնը:
Հետաքրքրիրն այն է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ հիմնականում վստահվել է ԲՀԿ-ին: Սակայն Յուրի Վարդանյանի նախարար դառնալուց հետո նրա և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները սրվեցին, որն արտահայտվում էր թաքնված և հրապարակային վիրավորանքների միջոցով:
Ըստ մամուլի հրապարակումների` նոր նախարար Գ.Ղազարյանը նույնպես ԲՀԿ անդամ է: Սակայն այս տեղեկությունը պարբերաբար հերքեցին ոչ միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այլև` Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նրանք տարբեր առիթներով նշեցին, որ Գաբրիել Ղազարյան անունով մարդ չեն ճանաչում և ԲՀԿ ցուցակում այդպիսի մարդ չկա:
Գաբրիել Ղազարյանն էլ ամեն կերպ խույս է տալիս Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ կապերի մասին` անդադար կրկնելով, թե բոլոր հարցերին կպատասխանի միայն 100 օր հետո:
Մինչ կանցնի նրա «լռության 100 օրը», ներկայացնենք մի քանի փաստեր նրա կենսագրական տվյալներից: Նա գերազանցությամբ սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ` աշխատելով Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում եղել է բասկետբոլի մարզիչ, այնուհետև մեթոդիստ, ուսումնական գծով փոխտնօրեն, ապա` տնօրեն:
2000թ.-ից եղել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս, 2002 թվականից` ասիստենտ, 2005 թվականից` դոցենտ: 2009-ից էլ` Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, 2010 թ. – ավագ դասախոս է:
2010թ.-ից էլ զբաղեցրել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի սպորտի բաժնի, ապա սպորտվարչության պետի պաշտոնները: 2014թ. մայիսի 3-ից էլ ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Հավելենք, որ նրա նախարար նշանակվելուց հետո Սպորտի նախարարությունում պաշտոնանկությունների մեկնարկը տրվեց: Նա մտադիր է կադրային ջարդ իրականացնել և ազատվել հատկապես նախկին նախարար Յուրի Վարդանյանի բերած կադրերից: Հենց դա էլ տեղի է ունենում ներկայում: