Հինգ օր հետո Լարսի անցակետում արահետ կբացեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, Վերին Լարսի անցակետի մաքրման աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են: «Վերջին նորությունն այն է, որ 5 օր հետո Լարսի անցակետում արահետ կբացեն, որպեսզի մարդատար մեքենաներն անցնեն, իսկ 3-5 օր հետո կսկսեն անցնել բեռնատար մեքենաները»,- մանրամասնեց Ղազարյանը:

Բացված արահետով, սակայն, հնարավոր կլինի երթևեկել միայն գիշերային ժամերին, քանի որ անցակետի մաքրման աշխատանքները պետք է կատարվեն ցերեկային ժամերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ի պատասխան armlur.am-ի գրավոր հարցադրմանը, արդյոք  Հայաստանը թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային ռեսուրսներ տրամադրելու տեսանկյունից աջակցում է վրացական կողմին անցակետի մաքրման աշխատանքների համար, ստացանք բացասական պատասխան. «վրացական կողմը տեխնիկական և մարդկային ռեսուրսներ աջակցելու խնդրանքով տրանսպորտի նախարարություն չի դիմել»:

Արսեն Ղազարյանից հետաքրքրվեցինք` ճիշտ չի լինի, որ հայկական կողմը չսպասի Վրաստանի հրավերին և ինքնակամ աջակցի անցակետի մաքրման աշխատանքներին, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը բացասական պատասխան տվեց:

Նրա պարզաբանմամբ՝  վրացական կողմն իր ջանքերով ինտենսիվ աշխատանքներն է իրականացնում անցակետի մաքրման համար, բացի այդ` Վերին Լարսի փակման առաջին օրվանից Ռուսաստանը ցանկություն հայտնեց աջակցելու մաքրման աշխատանքներին, սակայն վրացական կողմը հայտարարեց` իրենք որևէ մեկի աջակցության կարիքը չունեն:

Սոնա Դավթյան




Լրահոս