Երրորդ և չորրորդ երեխայի համար` 1 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-ի համեմատ՝ 5.6 մլրդ դրամով ավելացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալական ծրագրերի ուղղվածության համար տրամադրված գումարները: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, թե նախարարությունը պետք է իրականացներ 61 ծրագիր, գրանցվել է 98.67 տոկոս կատարողական, սակայն դա չի նշանակում, որ նախարարության կողմից պարտավորություններ են եղել, որոնց համար գումար չի տրամադրվել:

Արդեն իր խոսքում նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված հիմնական ծրագրերը:  Նա հայտնեց, որ շարունակվել են կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, և 2013թ. հունիս ամսից կենսաթոշակային համակարգի վճարումներն իրականացվում են նոր համակարգի միջոցով:

«Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքները հիմնականում միտված են եղել զբաղվածության նոր մոդելի կիրառմանը:  Շուրջ 15 հազար անձ անցյալ տարի ընդգրկվել է զբաղվածության ծրագրերում, շատերը՝ նաև պասիվ ծրագրերում, այս անգամ ցանկանում ենք նույն թվով մարդկանց հիմնականում ընդգրկել ակտիվ ծրագրերում», – ընդգծեց նա, հավելելով, թե գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է:

Նա հայտնեց, որ ներդրվել է ծնունդների խրախուսման նոր համակարգ և պետական աջակցության ներդրման ծրագիր` երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում:

«Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում տրամադրվում է 1 միլիոն դրամ, որից 500 հազարը կանխիկ է վճարվում, իսկ մյուս 500 հազարը ներդրվում է ընտանեկան դրամագլխի հաշվին: Իսկ հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոն, որից 500 հազարը կրկին կանխիկ, իսկ մնացածը՝ ընտանեկան դրամագլխի միջոցով», – հայտնեց նա:




Լրահոս