Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարելավման գործում՝ շինարարական աշխատանքների, բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, նոր տեխնիկայի օգտագործման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ մեկտեղ Երևան Ջուր ՓԲԸ-ն կարևոր նշանակություն է տալիս պոլիէթիլենային խողովակների կիրառմանը:
Դրանց առավելություններն ակնհայտ են. ավելի երկարակյաց են ուդիմանում ենջրի բարձր ճնշման, էժան են ու կոռոզիայի նկատմամբ կայուն, դյուրությամբ են տեղափոխվում ու արագ մոնտաժվում: Ավելին, այս խողովակները ունեն ևս մեկ առավելություն՝ ճկունությունը: Շատ վայրերում, առավելապես ներքաղաքային ցանցում, պոլիէթիլենային ջրագծերն ու կոյուղագծերը հենց շինարարության վայրում հատուկ դյուրակիր սարքի միջոցով զոդվում են իրար, կազմելով խողովակաշար, որը ,,ներարկվում,, է շահագործումից դուրս բերվող մետաղական խողովակի մեջ: Դրա շնորհիվ կարիք չի լինում փողոցում հողային աշխատանքներ կատարել, ինչը նշանակում է և՛ ժամանակի խնայողություն, և՛ միջոցների տնտեսում: Նաև չի խոչընդոտվում երթևեկը: Իսկ խրամուղու համապատասխան խորությունն ու հին խողովակի մետաղե պատյանը պոլիէթիլենըհուսալի պաշտպանում էարտաքին մեխանիկական ազդեցությունից: Համակարգում խմելու ջրագծերը կարող են կառուցվել 20-500մմ տրամագիծ ունեցող բարձր խտության պոլիէթիլենային խողովակներից, իսկ կոյուղունը՝ 150-800մմ տրամագծով ոչ ճնշումային խողովակներից:
Մայիսին, օրինակ, պոլիէթիլենային ջրագծեր կառուցվեցին Արին Բերդի փողոցի 4-րդ և 5-րդ ներբանցքներում: Ինչպես նշեց Արևելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, առաջին հասցեում, Երևանի նոր ՋԷԿ-ից մինչև Վիտամինների գործարան, ձգվում էր 600 մմ տրամագծով ջրագիծ: Այն ոչ միայն ֆիզիկապես մաշված էր, ինչը զգալի հոսակորուստների էր բերում, այլև անցնում էր բազմապիսի հիմնարկ-ձեռնարկությունների տարածքով ու սեփականաշնորված հողակտորներով, ինչը դժվարացնում էր ջրատարի շահագործումը: Ավելին, այնտեղ զգալի էր նաև ապօրինի ջրօգտագործումը: Մինդեռ Շենգավիթի ջրամատակարարման ցանցում վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում այս տարածքում այլևս նման ջրատարի կարիք չկար, ջրի սպառման ծավալները նվազել էին: Այստեղից էլ ընդունված որոշումը. տվյալ ջրատարը ապամոնտաժել, իսկ փոխարենը կառուցել ընդամենը 110մմ տրամագծով 700 գծամետր պոլիէթիլենե խողովակ: Ինչը և իրականացվեց ընդամենը մեկ շաբաթում:
Նմանօրինակ խնդիր կար նաև երկրորդ հասցեում: Արգիշտի 5-րդ նրբանցքով ձգվում էին 550-ական մետր երկարությամբ ֆիզիկապես մաշված երկու՝ 300 մմ տրամագծով թուջե և 100 միլիմետրանոց երկաթե խողովակներ: Ամենուր առկա էր ջրի կորուստ, այդ թվում ապօրինություններով պայմանավորված, ու իրար հաջորդող վթարներ: Մինչդեռ այստեղ նույնպես նվազել էր ջրի սպառումը, ինչը անիմաստ էր դարձրել նշված ջրագծերի հետագա շահագործումը: Ահա և օրերս ավարտվեց 110մմ տրամագծով նոր ջրագծի կառուցումը, որն իրականացվեց 300 միլիմետրանոց թուջե ջրատարի մեջ պոլիէթիլենե խողովակաշար ,,ներարկելու,, միջոցով: Դրանով իսկ վերջ դրվեց տարիներ ի վեր գոյություն ունեցող խնդրին: Ավելին, ներկայումս ընկերությունը նրբանցքում հիմնարկ-ձեռնարկությունների համար կառուցում է բետոնյա դիտահորեր, որտեղ վերջիններս պետք է վերատեղադրեն սեփական ջրաչափերը: Ասել է թե կկանոնավորվի նաև ջրի վաճառքը տարածքում:
Զ.Սարկավագի և Հր.Քոչարի փողոցներում ևս օրերս վթարված մետաղական ջրագծերը փոխարինվեցին պոլիէթիլենով, որը երկու դեպքում էլ իրականացվեց առանց փողոցները քանդելու՝ հների մեջ նորերը ,,ներարկելու,, միջոցով: Եւ չնայած աշխատանքների զգալի ծավալին, ծրագիրը կիրառվող տեխնոլոգիայի առավելությունների շնորհիվ իրականացվեց շատ կարճ ժամկետում, սպառողներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի:
Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն