ՄԱՐԿԵՍԻ ԱՆՈՒՆՈՎ
Շուտով Գաբրիել Գարսիա Մարկեսի պատվին Իսպանիայի մայրաքաղաքում փողոց կամ հրապարակ կանվանակոչվի: Նման որոշում ընդունվել է Մադրիդի տուրիզմի, սպորտի, արվեստի հարցերով հանձնաժողովի կողմից: Թե հատկապես որ օբյեկտը կկրի մեծ գրողի անունը, կորոշվի հանձնաժողովի նիստի ժամանակ, որը կկայանա այս շաբաթ: Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը կյանքից հեռացավ այս տարի` ապրիլի 17-ին: Նա առաջին կոլումբացին էր, ով Նոբելյան մրցանակ է ստացել գրականության ոլորտում:
ՀԱՄԵՐԳ՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Երեկ Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակներում «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը կրող համերգը: ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեցին հրեա ժամանակակից կոմպոզիտորներ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն էր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 7-ից ու կշարունակվի մինչեւ հունիսի 3-ը:
ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ
Երեկ ամերիկյան լեգենդար The Rolling Stones խումբն իր համերգային շրջագայության շրջանակներում առաջին համերգն է ունեցել խմբի վոկալիստ Միք Ջագերի ընկերուհու մահվանից հետո: Խումբը ելույթ է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` 20 հազարից ավելի հանդիսատեսի առջեւ: Ավելի վաղ խումբը չեղյալ էր հայտարարել Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում շրջագայությունը` Միք Ջագերի ընկերուհու՝ Լորեն Սքոթի ինքնասպանությունից հետո: Նրա մարմինը հայտնաբերվել էր մարտի 17-ին Նյու Յորքի իր բնակարանում: